40-օրյա «կինոմատյան»` Գորկի թատրոնում
Բեռլին, 8 մարտի: Մարտի 7-ին Բեռլինի Մաքսիմ Գորկի թատրոնում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված 40-օրյա միջոցառումների շարքը:
Ֆրեդ Քելեմանի ղեկավարությամբ ցուցադրվող ՙՊաղատանք. Հիշողության կինոմատյան՚ ֆիլմաշարը նպատակ ունի ոգեկոչելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այս կապակցությամբ մինչեւ ապրիլի 25-ը թատրոնում կցուցադրվեն հայկական ֆիլմեր, կբեմադրվեն ներկայացումներ, կներկայացվեն համապատասխան թեմատիկ ցուցահանդեսներ:
Բացման արարողությունը, որն անցավ լեփ-լեցուն դահլիճի ուղեկցությամբ, մեկնարկեց Հայերի ցեղասպանության մասին Հոլիվուդում նկարահանված առաջին՝ ռեժիսոր Օսկար Ափֆելի «Հոշոտված Հայաստան» (կամ՝ «Հոգիների աճուրդ») ֆիլմի 24 րոպեանոց հատվածի ցուցադրությամբ:
Այնուհետեւ բացվեց արգենտինահայ արվեստագետ Սիլվանա Տեր-Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը:
Ելույթի խոսք ասացին գերմանահունգարացի ռեժիսոր, հեղինակ Ֆրեդ Քելեմանը, Գորկի թատրոնի ղեկավար Շերմին Լանգհոֆը:
Բեռլինի ազատ համալսարանի պատմաբան, իսլամագետ Էլքե Հարթմանն իր խոսքում հակիրճ ներկայացրեց Հայոց ցեղասպանությանը վերաբերող պատմական փաստեր:
Երեկոյան ունկնդիրների դատին ներկայացվեց Ֆրանց Վերֆելի ՙՄուսա լեռան քառասուն օրը՚ գրքի բեմականացումը՝ ռեժիսոր Հանս Վերներ Կրյոսինգերի գլխավորությամբ:
Երաժիշտ Մարկ Սինասը պատմեց Կոմիտաս վարդապետի կյանքի ողբերգության մասին
պատմող իր նոր նախագծի մասին:
Բացման արարողությանը ներկա էին Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Ա. Սմբատյանը կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը,
դերասանուհի Արսինե Խանջյանը, Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը, Բունդեսթագի պատգամավորներ: