28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ինչու Օսկանյանը որոշեց լքել ԲՀԿ-ը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն անդամակցությունս դադարեցնելու իմ որոշման պատճառն այն է, որ կուսակցությունը չկարողացավ իրականացնել հայ ժողովրդի՝ իմ գնահատմամբ՝ բացարձակ մեծամասնության ցանկությունը՝ այս փուլում արմատական փոփոխություններ իրականացնելու և երկիրը ոչ միայն ծանր վիճակից դուրս բերելու, այլև զարգացման ճիշտ և առողջ ճանապարհի վրա դնելու:

ԲՀԿ-ին անդամակցությունս դադարեցնում եմ՝ գիտակցելով նրա անհաջողության մեջ պատասխանատվության իմ բաժինը:

Նրանք, ովքեր չարախնդում են կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակի վրա, առաջին հերթին պետք է լուրջ մտահոգություն ունենան երկրում ստեղծված քաղաքական վիճակի համար: Այստեղ խնդիրը ոչ թե ԲՀԿ-ն է, այլ նրա և նրա ղեկավարի նկատմամբ վերջին շրջանում իրականացված միջոցները:

Իշխանական բոլոր լծակների կամայական, խտրական և հակասահմանադրական օգտագործումը առաջին հերթին մեծ հարված էր Հայաստանի միջազգային հեղինակությանը:

Երկրորդ, որ ավելի կարևոր է, այդ գործողությունները կոտրեցին հայ ժողովրդի` երկրում անհապաղ արմատական փոփոխություններ իրականացնելու հույսը` դրանից բխող բոլոր հետևանքներով:

Շնորհավորում եմ Նաիրա Զոհրաբյանին կուսակցության ղեկը ստանձնելու համար: Դա, կարծում եմ, ճիշտ որոշում էր կուսակցության քաղխորհրդի կողմից: Կուսակցությունն ունի գիտակից և նվիրված քաղաքական թիմ, որը, հուսով եմ, կշարունակի պայքարը երկրում քաղաքական մենաշնորհի դեմ, ինչպես նաև քաղաքական մթնոլորտի առողջացման համար: Հաջողություն եմ մաղթում իմ գործընկերներին իրենց հետագա գործունեության մեջ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ