Շրջադարձն արդեն ընթացքի մեջ է, բայց լուռ, «փափուկ». Փաստ
Թերթի տեղեկություններով, դեռևս հոկտեմբերի առաջին կեսին Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է փակ հավաք փորձագետների և որոշ տեղեկատվական հարթակների ու քարոզչամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ, բնականաբար, բոլորը ՝ յուրային։ Հանդիպման նպատակն է եղել հնչեցնել, թե որ կողմ է գնում իշխանության արտաքին քաղաքական վեկտորը: Թերթի աղբյուրը փոխանցում է, որ նախ՝ Փաշինյանը հաստատել է, որ արտաքին քաղաքականության, այն է՝ վեկտորի փոփոխություն է տեղի ունենում, որի ականատեսն են բոլորը, սակայն ընդգծել է, որ փոփոխությունը հատուկ կամ պաշտոնապես հայտարարված շրջադարձով չի լինելու, որոշ արտաքին գործընկերներ դրան դեմ են. ի մասնավորի՝ ակնարկել է Իրանին:
Ըստ այդմ, նշել է, որ, այնուամենայնիվ, դա լինելու է, բայց լուռ, «փափուկ», և որ շրջադարձն արդեն ընթացքի մեջ է։ Նույն աղբյուրի փոխանցմամբ, նա հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի աշխատանքներին այլևս չեն մասնակցելու, ԱՊՀ-ին՝ ևս, նաև տեղեկացրել է, որ այդ կառույցներին փոխարինողներ փնտրում են, ավելին՝ վստահեցրել է, որ կգտնեն։ Նա հայտնել է, որ երբ գտնեն, այդ ժամանակ էլ ուղղակի կհայտարարեն երկրի արտադաշինքային կարգավիճակի մասին: Նշել է, որ արևմտյան գործընկերներից կան շատ հետաքրքիր խոստումներ տարբեր ուղղություններով։ Մեր տեղեկություններով, Փաշինյանը շատ գովել է իր՝ արտաքին քաղաքական հարցերով զբաղվող թիմին՝ ասելով, որ ահռելի աշխատանք են արել ու անում, վստահեցրել է, որ արդյունքներն իրենց սպասել չեն տա։
Մասնակիցների կողմից բարձրացված բազմաթիվ մտահոգիչ հարցերին ի պատասխան՝ Փաշինյանը հայտնել է, որ Ռուսաստանի հետ դաշինքում մնալն անիմաստ է, հավաստիացրել է, որ նրանք այլևս ոչ մեկի ոչնչով չեն կարող օգնել, թուլացած են պատերազմով, պատժամիջոցներով, այլևս նախկին որոշողը չեն: Դարձյալ մտահոգություններին ի պատասխան, ըստ մեր աղբյուրի, ասել է, որ Ռուսաստանից հեռանալու պարագայում Հայաստանին ոչինչ չի սպառնում, քանի որ նրանք ոչ մեկին այլևս չեն կարող պատժել. իրենց իշխանությանն էլ ու անձամբ իրեն էլ ոչինչ չի կարող պատահի, թիմը կարող է հանգիստ լինել: Նշվել է, որ մերթընդմերթ լարվածություն, հեռավար և տեղեկատվական գրոհներ հնարավոր են, բայց ավելին չի լինի, կարող են անգամ ուշադրություն չդարձնել, ինքը ևս այդպես է անում։ Այդուամենայնիվ, մեր տեղեկություններով, մասնակիցները հանդիպումից դուրս են եկել մտահոգված:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: