23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բա քեզ պե՞տք է, բա մեզ պե՞տք է…․ «Փաստ»

Մարդը կարող է լինել թատերական գործիչ, կարող է լինել ռեժիսոր, կարող է լինել անգամ «ժողովրդական արտիստ» կամ կոչվել այդպես, բայց լրագրողի պարզ հարցին՝ իսկ Արցախի հետ կապված իրադարձությունների մասին ի՞նչ կասեք, պատասխանել. «Այ մարդ, ես ի՞նչ գործ ունեմ Արցախի հետ, է: Ինձ հետ գործ չունեք»: Մարդը, հասկանո՞ւմ եք, զբաղված է, ներկայացումներ է բեմադրում, հորդորում է, որ ո՛չ իր հետ «գործ ունենան», ո՛չ էլ ինքն է ցանկանում որևէ բանի հետ «գործ ունենալ», առավել ևս՝ Արցախի, քաղբանտարկյալների առկայության (դա է եղել նրան դիմելու առիթը), էլ չենք ասում՝ ֆեյսբուքներում բան-ման գրելու համար մարդկանց հետապնդելու մասին: Ճիշտ հասկանանք իրար: Հարցն ամենևին էլ կոնկրետ անձնավորությունը՝ Նիկոլայ Ծատուրյանը չէ: Չնայած, որոշակի առումով, դա էլ է հարց, բայց այնպես՝ հպանցիկ:

Օրինակ՝ կարելի էր թեթևակի հիշեցնել, որ ոչ այնքան վաղուց նույն Նիկոլայ Ծատուրյանը համարում էր, որ լավ էլ ամեն ինչի հետ «գործ ունի», մանավանդ՝ փաշինյանական իշխանության հետ բարենպաստ հարաբերություններ ունենալու առումով: Սակայն դա իսկապես հիմնական հարցը չէ: Հիմնական հարցն ուրիշ է. իսկ քանի ու քանի պայմանական «նիկոլայծատուրյաններ» կան մեր շուրջբոլորը: Սովորական, նույնիսկ՝ ամենասովորական մարդիկ, որոնք ոչ մի «ժողովրդական արտիստ» կամ ընդհանրապես արտիստ չեն: Այդ մարդիկ մի քանի տարի առաջ համարեցին, որ, չէ՜, առանց իրենց ոչ մի կերպ չի լինի, իրենք ամեն ինչի հետ գործ ունեն, իրենց գործն է, իրենք «3 միլիոն վարչապետ» են, և լցվեցին փողոցներ ու հրապարակներ:

Հիմա, երբ ակնհայտ է, որ իրենց «բարի մտադրություններն» ընդամենը այն սալիկներն էին, որոնցով սալարկված է դեպի դժոխք տանող ուղին (ինչպես միշտ), երբ ակնհայտ դարձավ, թե այս ինչ կոյաճահճի մեջ ենք հայտնվել, այդ մարդիկ ձև են բռնել, թե իրենք ոչ մի բանի հետ «գործ չունեն»: Ու ընդհանրապես, իրենք իրենց «բեմադրությունն են պատրաստում», ասել կուզի՝ գլուխները կախ, իրենց «գործն» են անում: Չէ, հասկանալի է, որ ստախոս ու անպատասխանատու իշխանության դեպքում հասարակության տարբեր շերտերում երեսպաշտությունն ու կեղծավորությունը մի տեսակ կյանքի նորմ են դարձել, բայց սա արդեն գերադրական աստիճանն է այդ ամենի: Ու որ հիմա ասում են՝ «այ մարդ, ես Արցախի հետ ինչ գործ ունեմ…», այդպես էլ ցանկանում ես կտրուկ հակադարձել՝ բա 5 տարի առաջ էլ «գործ չունենայիր», բա 5 տարի առաջ էլ կախգլուխ քո բեմադրությամբ, արհեստով, գործով կամ «անգործությամբ» զբաղվեիր: Արցախն էլ իր տեղում կլիներ, ավելի քան 5000 լուսավոր տղաներն էլ ողջ կլինեին, արցախցիներն էլ տնազրկված ու հայրենազրկված չէին լինի…

Մարդը բեմադրություն է անում: Մյուսը, միգուցե՝ բետոն կամ սվաղ: Երրորդը՝ «տաքսավատ», չորրորդն ընդհանրապես քար է տաշում կամ փայտ, հինգերորդն ուղղակի նստած է բակային զրուցատաղավարում, «բլոտ» է խաղում և աչքի տակով հետևում հարևանների ու նրանց տնեցիների առօրյա անցուդարձին: Ափսոս միայն, որ գործընկերս չի հասցրել հարցնի, որ եթե ոչ մի բանի հետ «ոչ մի գործ» չունեք, հապա էլ ո՞ւմ համար է քո պատրաստած բեմադրությունը: Ո՞ւմ համար է քո տաշած քարը, արած բետոնը, կառուցած շենքը, փորագրած փայտը: «Բլոտիստներին» անիմաստ է որևէ բան հարցնել, նրանց համար հորիզոնները կապույտ-կապո՜ւյտ են… Ու, վստահաբար, մեզանից շատերն են կյանքում, ու՝ ոչ մեկ անգամ, հանդիպել կերպարների, որոնք, տեսնելով, որ մարդն ուղղակիորեն իր անձին կամ անձնական շահին չվերաբերող, այլ երկրին, ժողովրդին, հասարակությանը վերաբերող խնդրով է զբաղվում, հարց է բարձրացնում կամ, առավել ևս, փորջում է լուծել, գալիս են ու «մեծավարի», իբր իրենք շա՜տ ավելին գիտեն, շա՜տ մեծ կենսափորձով են ծանրաբեռնված, ծոր են տալիս, թե՝ «բա քեզ պետք ա՜…»:

Այդ «բա քեզ պետք ա՜…»-ն տեղով հենց տնաքանդություն է: Մեր դեպքում դա վերածվեց երկրաքանդության: «Բա քեզ պետք ա՜…», որ քննադատում ես, «բա քեզ պետք ա՜…», որ էնտեղ ծառեր են կտրել, աղմկում ես… «բա քեզ պետք ա՜…», որ երկիրդ վարի են տվել ու տալիս, դու, ի՞նչ է, ուրիշ «բանուգործ» չունե՞ս… Սա է: Ու որքան էլ համարենք, որ սա տիրապետող չէ, միևնույնն է, չես կարող անտեսել, չպիտի անտեսել, քանի որ հենց այդ միևնույնության, այդ անտարբերության, այդ «գործ չունեմ»-ի ու «գործ չունես»-ի դառնաղի հետևանքներն ենք հիմա «ըմբոշխնում»: Ու այստեղ է, որ պիտի երևա, մակերևույթ ելնի այն, ինչն անվանում են «ազգի խիղճ»: Այդ զարգացած, ժողովրդավարական, կազմակերպված երկրներում են հարցերը լուծվում մեխանիզմներով, օրենքներով, հակակշիռներով ու չգիտես, թե էլ ինչ «գործիքակազմով»: Մեր հանրության մեջ, մեր իրականության մեջ հարցերի լուծման հիմնական մեխանիզմը «խղճով»-ն է եղել: Իսկ այդ «խիղճն» էլ սովորաբար համարվել են գրողները, պոետները, տաղանդավոր դերասանները կամ գիտնականները: Մի խոսքով՝ նրանք, ում անվանում են «մտավորական»:

Պատահական չէ, որ Արցախյան ազգայինազատագրական շարժման առաջին շարքերում էլ հենց այդ կատեգորիայի մարդիկ էին: Դա հո հենց այնպե՞ս չէր: Դա, մեր իրողությունների պայմաններում, միանգամայն օրինաչափ էր: Իսկ հիմա՞… Հայրենազրկվել ենք: Արցախազրկվել ենք: Թշնամին մեր բնօրրանում է, մեզ է ծաղրում ու նվաստացնում, բայց այս կողմում լռություն է: Երևի ամեն մեկը, գլուխը կախ, իր «բեմադրությունն» է պատրաստում, իր քարն է տաշում՝ բա մեզ պե՞տք է….

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ