22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Արցախը պետք է պահպանել «պետություն՝ առանց տարածքի» մոդելով. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն առաջարկներ է ներկայացրել

POSTNIKOL. Ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս 10-րդ)

Արցախի Հանրապետության գոյությունը չպետք է ավարտվի 2024թ. հունվարի 1-ին: Կարելի է և պետք է վիճել, քննարկել, որոշել այս բանաձևը կյանքի կոչելու ուղիների, մոդելների և հնարավորությունների շուրջ: Սակայն ակնհայտ է, որ Արցախի հայկականության վերականգնման հեռանկարը ռեալ պահելու համար իմպերատիվ պահանջ է արցախահայության կազմակերպումը և գոյության շարունակությունը՝ որպես քաղաքական գործոն:

Հայաթափման և բռնագաղթի առաջին շոկը հաղթահարելուն զուգահեռ՝ առաջնային է հայկական մտավոր, ֆինանսական, քաղաքական և այլ ուժերի կենտրոնացումը Արցախի Հանրապետության «պետություն՝ առանց տարածքի, կամ տեղահանված պետություն» մոդելի շրջանակներում պահպանման համար:

Այս խնդիրը լուծելուն խոչընդոտող մարտահրավերները բազում են: Արցախահայության հնարավոր «հոգնածությունը», Հայաստանի գործող վարչախմբի կողմից տարաբնույթ բարիերները, արտաքին ուժերի մոտ Արցախի հայության՝ միայն հումանիտար խնդիրները լուծելու տենդենցը. այս շարքը կարելի է շարունակել: Բայց տեսանելի և հնարավոր դժվարությունները միայն ընդգծում են այն փաստը, որ հայ ժողովրդի կենսական շահերից է բխում Արցախի խնդրի քաղաքական հնչեղությունն օրակարգում պահելը:

Սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակն իրոք աննախադեպ է: Մարդկությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ տեղահանվել են ժողովուրդներ: Բազմաթիվ են նաև վտարանդի իշխանությունների գոյության օրինակները: Սակայն ինձ հայտնի չէ նախադեպ, երբ սեփական տարածքից միաժամանակ զրկվի բնակչությունը, իշխանությունը, պետական մեխանիզմները, օրենքները և պետականության այլ ատրիբուտներ և գործոններ:

Ուստի պահանջվող լուծումները պահանջելու են ոչ միայն ռեսուրսներ, կամք, կազմակերպվածություն, այլև «կրեատիվություն», ոչ ստանդարտ քայլերի գնալու ճկունություն և ռիսկ:

Հնարավոր համալիր ռազմավարական փաթեթի մի շարք քայլեր տեսանելի են արդեն հիմա: Բերեմ մի քանի օրինակ:

1. Հարկ է չեղարկել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հայտնի հրամանագիրը:

2. Արցախահայերն առանձին իդենտիֆիկացիոն փաստաթղթի կարիք կունենան՝ բացի ՀՀ անձնագրերից:

3. Պետք է վերականգնել իշխանությունների հիմնական թևերի պարբերական ակտիվությունը, ներառյալ՝ խոշոր համայնքների ՏԻՄ-երը:

4. Արցախի Հանրապետության գործող ԱԺ-ն պետք է քննարկի և ընդունի ստեղծված իրավիճակին համահունչ սահմանադրական փոփոխությունների փաթեթը:

5. Կարիք կա ստեղծելու Արցախի խորհրդարանի հետագա գոյության իրավական մեխանիզմները:

6. «Պետություն՝ առանց տարածքի» մոդելի ֆինանսական նվազագույն ապահովումը պետք է դառնա համահայկական մշտական մեխանիզմների գերխնդիրներից մեկը:

Անշուշտ, սրանք ընդամենը մի քանի դրվագներ են հիմնախնդիրների այն փնջից, որ պետք է լուծվի՝ ելնելով հայկական շահերից: Հայաստանում իշխանափոխությունից հետո շատ ավելի հեշտ կլինի այս նախագծի իրականացումը և առաջխաղացումը՝ երկրում ազգային օրակարգով շարժվող առաջնորդության առկայությամբ: Բայց այդքան սպասել հնարավոր չէ, քանզի առաջնային մի շարք քայլեր պետք է կատարել հնարավորինս շուտ՝ չկորցնելով ժամանակ, հավատ և էներգիա:

Առանձին կարևորագույն հարց է նաև Բաքվի բանտերում պատանդի կարգավիճակում պահվող Արցախի ռազմաքաղաքական վերնախավին հարվածի տակ չդնելու և հավելյալ ռիսկերի չենթարկելու հրամայականը:

Ակնհայտ է, որ նման ամբիցիոզ ազգային նախագիծը կյանքի կոչելու համար նախապայման է արցախահայության այս պահի առաջնային սոցիալ-կենցաղային հիմնախնդիրների շոշափելի մեղմացումը և նրանց հնարավոր զանգվածային արտագաղթի կանխումը Հայաստանից: Կրկնեմ, որ մենք չունենք ոչ մի իրավունք՝ կորցնելու նման մարդկային, ազգային և քաղաքական ներուժ ունեցող մարդկանց:

Ցավոք, քրեակատարողական հիմնարկի մենախցում ի վիճակի չեմ միայնակ լիարժեք լուծումներ առաջարկել այս ուղղությամբ: Սա պահանջելու է բազմաֆունկցիոնալ մտավոր ներուժի գործարկում: Ուստի շնորհակալ կլինեմ այս ուղղությամբ հանրային, մասնագիտական քննարկումների և բյուրեղացած նախագծի համար:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

16.10.2023թ.

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ