Բեռլինի խորհրդարանում կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Բեռլինում կոչ են անում ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Փետրվարի 26-ին Բեռլինի պատգամավորների պալատում` խորհրդարանում, տեղի ունեցավ Ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառում, ինչպես Henaran.am-ի թղթակիցը հայտնում է Բեռլինից: Այն կազմակերպել էին Գերմանիայում ՀՀ դեսպանությունը, Բեռլինի հայ համայնքն ու «Ցեղասպանություն 1915- Գերմանիա» նախաձեռնությունը:
Որպես բանախոս հրավիրված էր Պոտսդամի համալսարանի «Մոզես Մենդելսոն» կենտրոնի տնօրեն պրոֆ. Յուլիուս Շյոփսը: Վերջինս նշեց, որ գերմանացի միսյոներները, զինվորականները եւ ի վերջո, գերմանական կայսրը տեղյակ էին երիտթուրքերի ծրագրերի մասին, եւ եթե Գերմանիան ցանկանար, ապա կարող էր կանխել հայերի հանդեպ իրագործած ոճրագործությունը:
«Այդ ժամանակ իր դաշնակցի գործերին միջամտելը չէր բխում Գերմանիայի արտաքին գերատեսչության շահերից: Սակայն մինչեւ օրս վիճելի է` արդյոք գերմանացի զինվորականները մասնակցել են հայկական ջարդերի պլանավորմանը», -ընդգծեց Շյոփսն ու նկատեց, որ այսօր եւս պաշտոնական Բեռլինը չի օգտագործում Ցեղասպանություն բառը` հայերի կոտորածը բնութագրելիս:
Ելույթով հանդես եկան նաեւ Բեռլինի խորհրդարանի նախագահ Ռալֆ Վիլանդը, Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանն ու հայ համայնքի վարչության անդամ Վարդգես Ալյանակը, ովքեր եւս դատապարտեցին դարասկզբի ոճրագործությունը:
Աշոտ Սմբատյանն իր հերթին հույս հայտնեց, որ գոնե այս տարի Գերմանիայի Բունդեսթագը կկարողանա վերանայել 2005 թ-ին իր ընդունած բանաձեւը` Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործած բռնություններն ու կոտորածներն անվանելով Ցեղասպանություն:
«Հայերի ցեղասպանությունը հայ ժողովրդի մեծագույն ցավն է, սակայն միաժամանակ իրեն քաղաքակիթ համարող մարդկության խայտառակությունն է», -նշեց Սմբատյանը: