«Շատ դեպքերում եթերում հանդիպում ենք երաժշտություն, որ դժվար է անվանել երաժշտություն»

Հեռուստատեսության և ազգային ռադիոյի հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին հաղորդման վերաբերյալ հարակից ելույթոով հանդես եկող Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Բաբուխանյանին հարցով դիմեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Ես համամիտ եմ, որ դինամիկայի ու համեմատության մեջ հանձնաժողովի աշխատանքը կարելի է համարել դրական, բայց պիտի ասեմ, որ խոսեցիք բռնության, էռոտիկ տիպի հաղորդումների, չափորոշիչները չպահպանելու մասին, և խնդրում եմ՝ որպես հանձնաժողովի ներկայացուցիչ գնահատական տալ եթերային ճաշակին»,-ասաց նա, ապա նշեց. «Դեմ չեմ, որ մեր եթերում լինեն տարբեր ոճի երաժշտություններ, բայց կարծում եմ, որ այդ ամենը պետք է լինի ճաշակով ու կրթի հասարակությանը, չկա անճաշակ երաժշտության ոլորտ, կան կատարողներ, որ անճաշակ են, և շատ դեպքերում եթերում հանդիպում ենք, նաև ցերեկային ժամերին, երաժշտություն, որ դժվար է անվանել երաժշտություն»:
Ըստ Շարմազանովի՝ այս ոլորտում անելիք կա, հեռուստատեսության խնդիրը պետք է լինի ճաշակ ձևավորելը:
Բաբուխանբյանը կիսեց Շարմազանովի կարծիքը, նշեց, որ հանձնաժողովը ԼՂՀ նույն հանձնաժողովի հետ ևս քննարկել է հնչող երաժշտության ճաշակի հարցը: «Մի կողմից դրվատանքի խոսքեր ասեցին «Երգ-երգոց» հաղորդման վերաբերյալ, մյուս կողմից անհանգստություն է առաջացրել այն երաժշտությոնը, որ առնչություն չունի ոչ մեր, ոչ դասական երաժշտության հետ: Հանձնաժողովը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի այդ խնդրին»,-շեշտեց նա: