11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ուսանողների մոտ փոխվում է սովորելու նկատմամբ վերաբերմունքը և մոտիվացիան. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան: Նախարարը շրջել է լսարաններում, զրուցել ուսանողների և դասախոսների հետ, մասնավորապես, հետաքրքրվել ուսանողներին մտահոգող խնդիրներով, նրանց ուսման առաջադիմությամբ և աշխատանք գտնելու հեռանկարով: Արմեն Աշոտյանն այցելել է  նաև բուհում տեղակայված Հայաստանում Բրիտանական Բիզնես դպրոց, ծանոթացել դպրոցի կրթական ծրագրերին և հնարավորություններին: Բիզնես դպրոցի կառավարիչ Լիլյա Հովհաննիսյանը նախարարին ներկայացրել է դպրոցում  ուսման տևողությունը, ծրագրի առավելությունները, ընդունելության կարգը և դպրոցի վերաբերյալ այլ  մանրամասներ: Այնուհետև նախարարը եղել է ՀՊՏՀ գրադարանում, ծանոթացել թվայնացման գործընթացին, գրադարանի տեխնիկական հագեցվածությանը: Նախարարը գրադարանի անձնակազմից հետաքրքրվել է՝ ինչ ծավալի գրականություն է թվայնացվում, որքանով է այն ուսանողներին հասանելի և այլն:

Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ վաղուց Տնտեսագիտական համալսարանում չէր եղել. “Ժամանակացույցով փորձում եմ բոլոր բուհերում տարվա մեջ մի քանի անգամ լինել և ծանոթանալ  ինչպես ուսումնական գործընթացներին, այնպես էլ բուհի զարգացման ծրագրերին:  Տնտեսագիտական համալսարանում  բարեկարգման աշխատանքներ է իրականացվել, արդիականացվել է նաև կրթական գործընթացը ՝ համակարգչային լսարանների գրադարանի թվայնացման միջոցով՝ փորձելով առավել ժամանակակից միջավայր ապահովել ուսանողների համար: Կարծում եմ` ոչ միայն Տնտեսագիտական համալսարանը, առհասարակ,  Հայաստանի բուհական համակարգն իր  միջազգայնացման շնորհիվ առավել ժամանակակից է այսօր և ակնհայտ է, որ ուսանողների մոտ փոխվում է նաև սովորելու նկատմամբ վերաբերմունքը և մոտիվացիան: Ինչպես տեսաք՝ կան բազմաթիվ ուսանողներ, ովքեր զուգահեռ նաև աշխատում են, և ուսանողական սոցիալական խնդիրները, իհարկե, նույնպես մեր կրթական քաղաքականության մի մասն են: Վերջին տարվա ընթացքում բավականին լուրջ ծրագրեր են նախաձեռնվել անապահով ուսանողների համար՝ կրթության  մատչելիության ապահովության ուղղությամբ”,- նշել է  նախարար Արմեն Աշոտյանը: Անդրադառնալով  Բրիտանական բիզնես դպրոցի գործունեությանը, նախարարը նշել է, որ այն երկրորդն է իր ոճի մեջ Հայաստանում և տալիս է կիրառական-տնտեսական կրթություն` բրիտանական կրթական ստանդարտներով և բրիտանական ավարտական փաստաթղթերով: “Շատ պահանջված պետք է լինի, կարծում եմ, այս  կրթական ծառայությունը աշխատաշուկայում: Անպայման չէ, որ նման կրթական  ծրագիրը լինի շատ զանգվածային. մեզ համար կարևոր է, որ կրթական  ներկապնակում ներկայացված լինի ամբողջ  եվրոպական, միջազգային կրթական փորձը: Հայաստանի կրթական համակարգի միջազգայնացմանն ուղղված մի շարք նախագծեր կան, որոնք բնականաբար մրցակցություն կապահովեն, որակի դրական տեղաշարժեր կառաջացնեն և Հայաստանի կրթական ծառայություններն ավելի ճանաչելի կդարձնեն նաև եվրոպական կրթական տարածքում”,-ընդգծել է նախարարը:

Նշենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Միացյալ Թագավորության Անգլիա Ռասկին համալսարանի միջև համագործակցության արդյունքում հիմնադրված Հայաստանում Բրիտանական դպրոցը իրականացնում է մագիստրոսական ծրագիր գործադիրների համար, որը հնարավորություն է տալիս համատեղելու ուսումը և աշխատանքը: Ծրագրի տևողությունը 18 ամիս է:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ