02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պետք է գան ազգային ուժեր, որոնք ի գին ամեն զոհողության՝ երկիրը կդարձնեն երկիր․ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Մինչև 44-օրյա պատերազմը՝ 2020 թվականը, Նիկոլ Փաշինյանն Անկախության հռչակագրի օրվա իր ուղերձում ամենակարևոր հաղթանակն էր համարում Արցախյան փառապանծ ազատամարտը, պատերազմից հետո արդեն հաղթանակների մասին հիշատակումը դառնում է պակաս կարևոր, և Փաշինյանը սկսում է խոսել դաշնակիցների հետ շփումների, անվտանգության, հարևանների հետ կարգավորված հարաբերություններ ունենալու մասին, գրել է 168․am-ը։

Անցյալ տարի, օրինակ, նա վստահեցնում էր, թե «անկախությունը նման է աստվածաշնչյան տասը մնասի առակին, որի խորհուրդը հետևյալն է. ով ունի, նրան կտրվի, իսկ ով չունի, նրանից նույնիսկ իր ունեցածը կվերցվի», իսկ այս տարի ավելի հակված է տեսակետին, որ այդ անկախությունն արդեն իսկ կորցնելու ճանապարհն ենք բռնել:

«Անկախության հռչակագրով որդեգրեցինք մի բանաձև, որը 20-րդ դարասկզբին մեզ արդեն իսկ բերել էր անկախության կորստի»,- այս տարվա իր ուղերձում շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Բայց սա էլ ամենը չէ. ըստ նրա՝ Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունը ցույց է տվել, որ «մենք, ի վերջո, ընտրել ենք այնպիսի խոսույթ և բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միության մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որy մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ»:

Ասել է թե՝ Հռչակագրում Լեռնային Ղարաբաղի, Ցեղասպանության մասին հիշատակումները հրահրում են կոնֆլիկտներ:

Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Նիկոլ Փաշինյանի այս մոտեցումները բնական է համարում, քանի որ կարծում է՝ այս իշխանությունը կատարում է «իր տերերի հրամանները»:

«Իշխանությունը կատարում է օտար իշխանությունների կամքն ու թելադրանքը, որը չի կատարվել ոչ միայն նախկին իշխանությունների կողմից, այլև Սովետական Միության տարիներին: Սա 100 տարի անց արևմտյան պետությունների կամքի արտահայտությունն է՝ Ցեղասպանությունը մատնել մոռացության, պարփակում միջազգային, այսպես կոչված, ճանաչված սահմանների մեջ և դանդաղ մահ»,- 168.am-ի հետ զրույցում ասել է հոգևորականը, ապա շեշտել,- «1990 թ. օգոստոսի 23-ի հռչակագրի բոլոր դրույթներով այսօր ձախողված, տապալված վիճակ է, որը պետք է փորձել արդարացնել ինչ- որ ձևով, ինչն էլ անում է օրվա իշխանությունը: Ոչ մի տարօրինակ բան չկա: 33 տարի անց այդ հռչակագրի բոլոր դրույթները ձախողված են, կործանված են, մսխված են, և բոլոր իշխանություններն էլ իրենց լուման ունեն այդ տապալման մեջ, բայց առավել ևս, անշուշտ, այս իշխանությունը»:

Անելիքներին անդրադառնալով՝ հոգևորականը շեշտել է գործող իշխանություններին ազգային ուժերով փոխարինելու անհրաժեշտությունը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ