23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ակնկալում ենք, որ պայմանագրի ստորագրումը կլինի մեծ բանակցային գործընթացի գագաթնակետը․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվայում ավարտվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։

Բանակցությունների թեման Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումն է եղել։

«Այսօր օգտակար բանակցություններ ունեցանք մեր գործընկերների՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ»,- եռակողմ բանակցությունները մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որի խոսքերն է մեջբերել երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Մենք մեր զրուցակիցներին ուրվագծեցինք ռուսական կողմի գնահատականները՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կողմից արված հաղորդումները, այն քայլերի մասին, որոնք ցանկալի է անհապաղ ձեռնարկել՝ ելնելով Ղարաբաղի բնակչության սննդով, դեղորայքով, առաջին անհրաժեշտության ապրանքներով, անխափան էլեկտրաէներգիայով և գազամատակարարմամբ ապահովելու շահերից։ Սա բխում է հասարակ մարդկանց, հայերի, տարածաշրջանի բնակիչների շահերից»,- ասել է նա։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը, որպես խաղաղ գործընթացի առանցքային միջնորդ շահագրգռված է ճգնաժամի շուտափույթ հանգուցալուծմամբ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020, 2021 և 2022 թվականներին ընդունած եռակողմ հայտարարություններին համապատասխան (1, 2, 3, 4):

Նա նաև նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են նաև 2020 թվականի եռակողմ հայտարարությունում հաղորդակցությունների ապաշրջափակման դրույթին։

Ըստ նրա՝ հանդիպմանն առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սահմանազատման հարցերին, որոնք «սերտորեն կապված են քննարկվող խնդիրների ամբողջ շարքի հետ, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու հարցերին»։

«Մենք ակնկալում ենք, որ այս պայմանագրի ստորագրումը կլինի մեծ բանակցային գործընթացի գագաթնակետը, որը կավարտվի հայերի և ադրբեջանցիների ջանքերի ներքո, որոնք նախաձեռնվել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպումների ժամանակ։ Ճանապարհը հեշտ չէ։ Բազմաթիվ բարդ ու կարևոր խնդիրներ կան լուծելու։ Դրանցից ամենազգայունը եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորման խնդիրը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում՝ 1991 թվականին Ալմա-Աթայում նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարների կողմից ստորագրված հռչակագրի համաձայն։ Դրա արդյունավետությունն այսօր հաստատվել է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ղեկավարության կողմից։ Դրան համապատասխան, կառուցվում է խաղաղության պայմանագրի վրա աշխատանքը»,- նշել է նա։

Լավրովի խոոսքերով՝ ադրբեջանական կողմը «պատրաստ է փոխադարձ հիմունքներով նույն երաշխիքները տրամադրել իր տարածքում ապրող անձանց նկատմամբ, հայերը պատրաստ են նույնը անել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների նկատմամբ բոլոր կոնվենցիաների կիրառման հարցում»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ