Ինչի՞ն եք սպասում, ուզում եք այս հրապարակում ամեն օր մարդկանց դիակնե՞ր ունենանք. Արցախի պետնախարար
Արցախում վիճակն օրհասական է, իսկ յուրաքանչյուր վաղվա օրը լինելու է էլ ավելի ծանր ու դժվար: Ստեփանակերտում մեկնարկած համաժողովրդական շարժման ժամանակ հայտարարեց Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Այսօր կան արդեն բազմաթիվ առողջապահական խնդիրներ, բազմաթիվ համայնքներ հաջորդաբար զրկվում են խմելու ջուր ունենալու հնարավորությունից, մայրաքաղաքից հեռու գյուղական համայնքների բնակիչները դարձել են գերիներ ու շատերի հետ միակ կապը հեռախոսազանգն է»,- ասաց նա։
Մանկապարտեզներում երեխանեը գրեթե չեն սնվում, իսկ հիվանդանոցներում հիվանդներին տրվում է չնչին քանակի սնունդ։ Օրեր անց, նրա խոսքով, չեն աշխատելու շտապօգնության մեքենաները։
«Հիմա հարց եմ ուզում ուղղել միջազգային հանրությանը, Հայաստանին ու Ռուսաստանին՝ ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, ինչի՞ն եք սպասում, ուզում եք այս հրապարակում ամեն օր մենք մարդկանց դիակնե՞ր ունենանք, որ արձագանքեք, ուզում եք օրեր առաջ մանկահասակ երկու երեխաների մահվան դեպքի կրկնությո՞ւն, որ խելքի գաք։ Ես ասում եմ՝ բավական է»,- հայտարարեց Ներսիսյանը։