Արայիկ Հարությունյան, չե՞ք պատրաստվում «նամակ գրել» Նիկոլին․ Արթուր Թովմասյան
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայկական Ստեփանակերտն անվանել է «Խանքենդի», անձամբ ինձ համար սա նորություն չեր, հաշվի առնելով իմ վերաբերմունքը եվրոդեմոկրատական երկակի ստանդարտներին։ Ինչպես և սպասվում էր, եվրոպացի դիվանագետի խոսքերը հույզերի և նեգատիվ տարափ է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ բուն Արցախում։
Այս իրավիճակի հետ կապված՝ ուզում եմ մի քանի հարց ուղղել Արցախի իշխանություններին.
1. Եթե նիկոլը պատրաստ է հենց Հայաստանի տարածքները կոչել ադրբեջանական տեղանուններով (Էյվազլի և Չայզամի), ապա ի՞նչի Տոյվոն Արցախի Ստեփանակերտ քաղաքը չպետք է կոչի «Խանքենդի»։
2. Արցախի իշխանությունները հասկանու՞մ են, որ քանի որ նիկոլը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, ուրեմն Բերձորի միջանցքը Ադրբեջանի տարածքն է, և Բաքուն իրավունք ունի այդ միջանցքում անցակետ տեղադրել։
3. Արցախի իշխանությունները հասկանու՞մ են, որ եթե «Ղարաբաղը Ադրբեջան է», իսկ Բաքուն թույլ չի տալիս հայերին զինված ուժեր ունենալ, ապա պետք է ցրել ԼՂՀ պաշտպանության բանակը։
4. Արցախի իշխանությունները հասկանու՞մ են, որ եթե «Ղարաբաղը Ադրբեջան է», ապա Ստեփանակերտը պետք է կոչվի «Խանքենդի»։
5. Արցախի իշխանությունները հասկանու՞մ են, որ եթե «Ղարաբաղը Ադրբեջան է», ապա ոչնչացվել է նաև «Արցախի իշխանություն» հասկացությունը, և բոլոր պետական պաշտոնյաները վերածվել են «էլիտար գերիների»։
Ուստի, նախքան Կլաարին կամ ԱՄՆ դեսպանին քննադատելը, Արցախի իշխանությունների ներկայացուցիչները պետք է գնահատեն անձամբ Նիկոլի այն գործողությունները, որոնք արևմտյան դիվանագետներին թույլ են տալիս Ղարաբաղը դիտարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ։
Հ.Գ. Արայիկ Հարությունյան, չե՞ք պատրաստվում «նամակ գրել» Նիկոլին վերը հնչեցրած հարցերի վերաբերյալ»: