22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թոշակառուն ինչքան քիչ է աշխատել, այնքան խրախուսվում է նրա թոշակի բարձրացումը․ 168.am

168․am-ը գրում է․ Կառավարությունը պատրաստվում է հուլիսի 1-ից բարձրացնել թոշակներն ու նպաստները։

Միջին կենսաթոշակն ավելի քիչ կբարձրանա, քան նվազագույնը։ Նվազագույնը կավելանա 4,4 հազարով, իսկ միջինը՝ 3,3 հազարով։ Թոշակառուների գերակշիռ մասի թոշակը կբարձրանա 3 հազար դրամով։

Սա է պատճառը, որ աշխատում են միջին կենսաթոշակից ավելի քիչ խոսել։ Թեև շատ ավելի կարևոր է՝ ոչ թե նվազագույն, այլ՝ միջին կենսաթոշակը։

Եթե նվազագույն կենսաթոշակը վերաբերում է մի քանի հազար մարդու, ապա միջին կենսաթոշակը՝ հարյուր-հազարների։

Միջին կենսաթոշակից աշխատում են քիչ խոսել, որովհետև, ինչպես տեսնում ենք, բարձրացումն այս դեպքում շատ ավելի համեստ է։ Չնայած այնպես չէ, որ 4,4 հազար դրամը մեծ բան է փոխելու թոշակառուների կյանքում։

Միջին կենսաթոշակն ավելի քիչ կբարձրանա, որովհետև կառավարությունը որոշել է 10 տարուց ավելի աշխատանքային ստաժ ունեցողների համար թոշակներն ավելացնել ընդամենը 3 հազար դրամով։ Այդպիսի թոշակառուների թիվն անգամներով ավելին է, քան նրանցը, ովքեր ունեն 10 տարուց պակաս աշխատանքային ստաժ և ստանում են նվազագույն կեսնաթոշակ։

Ստացվում է, որ թոշակառուն ինչքան քիչ է աշխատել, այնքան խրախուսվում է նրա թոշակի բարձրացումը։

Որքան էլ կառավարությունում սրա անունը դնեն սոցիալական անհավասարության թուլացում, պատճառն իրականում բոլորովին այլ է՝ թոշակառուների հաշվին փորձում են գումարներ տնտեսել։ Տասը տարուց ավելի ստաժ ունեցողները կազմում են թոշակառուների 90-95 տոկոսը, ու նրանց թոշակը 4,4 հազարով կամ այնքանով, որքան նվազագույն կենսաթոշակը բարձրացնելու դեպքում ավելի մեծ գումարների անհրաժեշտություն կառաջանա։ Իսկ կառավարությունում մտադիր չեն այդքան գումար հատկացնել կենսաթոշակառուներին։ Որտեղ ասես, ինչի համար ասես՝ գումար կծախսեն, բայց երբ հարցը հասնում է թոշակառուների թոշակներին, պարզվում է՝ բյուջեի փողերը քչություն են անում։

Պատահական չէ, որ տարվա կեսից են բարձրացնում թոշակներն ու նպաստները, որպեսզի գումարների կեսը տնտեսեն։

Եթե պիտի ծախսեին, ենթադրենք՝ 10 միլիարդ, այս ձևով կծախսեն 5 միլիարդ։ Բայց կասեն, որ 2023թ. թոշակ ու նպաստ ենք ավելացրել։ Այնինչ՝ այդ ավելացումը լինելու է ոչ թե ամբողջ տարվա, այլ տարվա կեսի կտրվածքով։ Տասներկու ամսվա փոխարեն՝ 6 ամիս։

Մյուս 6 ամիսը մարդկանց խոստումներով են կերակրում՝ մինչև 3 հազար դրամով թոշակ ու նպաստ պիտի բարձրացնեն։

Սա էլ խորամանկության մի ձև է, որն այս իշխանությունները հաճույքով կիրառում են, մոլորեցնում հասարակությանը։

Մեկ անգամ չէ, որ գլուխ են գովացել, թե անցած տարի կենսաթոշակները բարձրացրել են։ Բայց չեն ասում, որ անցած տարի այդ ավելացրած կենսաթոշակները մարդիկ ընդամենը 4 ամիս են ստացել։ Տարվա մնացած 8 ամիսը կենսաթոշակները նույնն են եղել։

Հիմա էլ այս տարի է։ Վաղն էլի կասեն, որ կենսաթոշակներն ու նպաստներն ավելացրել են։ Բայց չեն ասի, որ այդ ավելացումը գործել է միայն տարվա կեսից։ Տարվա մեջ վեց ամիս են մարդիկ դրանից օգտվել։ Մնացած վեց ամիսը կենսաթոշակներն ու նպաստներն ինչպես եղել, այնպես էլ մնացել են նույնը։

Հուլիսի 1-ից մի քանի հազար դրամով նպաստներն էլ կավելանան։ Այս դեպքում էլ դա կարվի նպաստառուների թվի կրճատման հաշվին։ Անցած տարի նպաստ ստացողների քանակը 10 հազարով կրճատել են։ Նրանց հաշվին էլ ավելացնում են մյուսների նպաստը։

Իսկ թե ինչո՞ւ է նպաստառուների քանակը կրճատվել, դա էլ մեկ այլ խորամանկություն է։

Կենսաթոշակները մի քանի հազարով բարձրացնում են, համարում են, որ մարդիկ այլևս նպաստառու չեն, նպաստի կարիք չունեն, հանում են նպաստառուների ցուցակից ու կտրում նպաստը։ Երեք հազար դրամով կենսաթոշակը բարձրացնում են, զրկում են 20-30 հազար, գուցե ավել նպաստից։

Հետո էլ ասում են, թե թոշակ ու նպաստ են բարձրացրել։ Այսպիսի բարձրացումները շատ հաճախ մանիպուլյատիվ բնույթ են կրում։ Ավելի շատ բարձրացումների տպավորություն են ստեղծում, քան իրական արդյունքն է։

Չնայած, եթե նույնիսկ առանց այդ մանր խորամանկություններ անեին, էլի մեծ բան չէ թոշակառուի կամ նպաստառուի համար 3-3,5 հազար դրամի ավելացումը։ Դրանով մարդկանց կյանքի բարեկեցությունը ոչնչով չի բարելավվում։

Գուցե և այդպես չլիներ, եթե չունենայինք վերջին տարիների բարձր գնաճը։

Երբեմն լսում ես արդարացումներ, թե նախկինում ե՞րբ էր այսքան հաճախ թոշակ ու նպաստ բարձրանում։ Բայց մոռանում են ասել, որ նախկինում երբեք այսպիսի բարձր գնաճ չէր լինում, ավելի հաճախ նույնիսկ գնանկում է արձանագրվում։ Նախկին բոլոր բարձրացումները միասին, ավելացրած այս տարի սպասվող 3,3 հազար դրամը, նույնիսկ չի ծածկի այն համատարած թանկացումների ազդեցությունը, որը եղել է վերջին 2-3 տարիներին։ Այս տարի որքան էլ համարենք, որ պաշտոնապես արձանագրվող գնաճը ցածր է, միևնույն է, դրանում ներառված են նաև նախորդ տարիների թանկացումները։

Ցածր գնաճը նախորդ տարիների բարձր գնաճի վրա է։ Ու դա նշանակում է, որ մարդիկ կրում են ոչ միայն՝ այս տարվա ցածր, այլև՝ նախորդ տարիների բարձր գնաճի ազդեցությունը։

Այս պայմաններում մի քանի հազար դրամով կենսաթոշակի կամ նպաստի բարձրացումը սոցիալական առումով խնդիր չի կարող լուծել։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ վերջին տարիների բարձր գնաճները շատ ավելի ակտիվ են եղել այն ապրանքների պարագայում, որոնք ավելի հաճախ են օգտագործվում։

Այն, ինչ արվում է, արվում է մարդկանց աչքին թոզ փչելու, իրենց ճոխ ու շվայտ ծախսերն արդարացնելու համար։ Վերջին 2-3 տարիներին կյանքը Հայաստանում այնքան է թանկացել, որ այս բարձրացումները չնչին աջակցություն են թանկացումների հետևանքով առաջացած ծախսերը փակելու համար։

Այս ընթացքում սպառողական զամբյուղի արժեքը շատ ավելի է աճել, քան կենսաթոշակների ու նպաստների այս կիսաբարձրացումները։ Սրա պատճառով է, որ երկրում աղքատությունը խորանում է։

Ասում են՝ ինչպե՞ս կարող է աղքատությունը խորանալ, երբ միջին աշխատավարձը 15-20 տոկոսով բարձրացել է։ Միտումնավոր թաքցնում են, որ այդ նույն ժամանակ նվազագույն աշխատավարձը մնացել է նույնը։ Իսկ հարյուր-հազարավոր աշխատողներ ստանում են նվազագույն աշխատավարձ։ Ու այդ պայմաններում զրոյից նույնիսկ փոքր ավելի գնաճը վատթարացնում է այդ մարդկանց սոցիալական վիճակը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ