Ներքաղաքական փոփոխությունն է միայն դուռ բացելու Հայաստանի ու Արցախի փրկության համար․ Անդրանիկ Թևանյան
Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Արցախի շրջափակումը Ադրբեջանը նախաձեռնեց 200 օր առաջ։ Հիմա այն արդեն պաշարված է։ Ըստ այդմ՝ Վաշինգտոնում Հայաստանի ներկայացուցիչն ադրբեջանցի իր կոլեգայի հետ բանակցել է 120 հազար պատանդի առկայությամբ։
Ասում են, որ որոշ հարցերում հայ–ադրբեջանական համաձայնություն է ձեռք բերվել։ Կոնկրետ չի նշվում, թե ինչ հարցերի շուրջ է այդ համաձայնությունը, բայց խոսքն ակնհայտորեն Հայաստանի ճակատագրին է վերաբերում։ Քանզի Արցախի հարցի վերաբերյալ պաշտոնական Երևանն ու Բաքուն գլխավոր կետում եկել են համաձայնության, այն է՝ Արցախը պատկանում է Ադրբեջանին։ Սա այնպիսի որոշում է, որ շոկի է ենթարկել անգամ Մակրոնին ու դեմքը փրկելու հնարավորություն տվել նրան։
Վաշինգտոնում իրականում քննարկվել է Հայաստանի հետագա ճակատագիրը։ Հայաստանի համար նախատեսվում է հակաիրանական ու հակառուսական հարթակ դառնալու հեռանկար, ինչն ավտոմատ կերպով մեր երկիրը դարձնելու է թուրքական ազդեցության տարածք՝ առանց հայերի։ Մտահոգվա՞ծ են ամերիկացիներն այդ ամենով։ Լինենք անկեղծ՝ իրենք չեն կարող հայերից ավելի հայ լինել ու իրենց հակառուսական, հակաիրանական պլանները ստորադասել մեր խնդիրներին։ Գիտակցու՞մ են ՀՀ իշխանություններն այդ ամենը։ Միանշանակ՝ այո։ Եթե գիտակցում են, ապա ինչո՞ւ են այդ քայլին գնում։ Պատասխանը կրկին միանշանակ է՝ անձնական անվտանգության ապահովման ու նյութական շահից ելնելով։
Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ Արցախն Ադրբեջանին հանձնելով կարող են անվտանգ կյանք ակնկալել Հայաստանի համար, առնվազն միամիտ են։
Հայաստանը հիմա նույնպես պաշարված է, բայց ի տարբերություն Արցախի, առայժմ պաշարված է ներսից։ Հետևաբար՝ ներքաղաքական փոփոխությունն է միայն դուռ բացելու Հայաստանի ու Արցախի փրկության համար։ Մնացածը՝ պատրանքներ են։ Մյուս օրակարգերը՝ կեղծ են։