Գրավոր բարձրակարգ խոսք է եղել. Ս. Երիցյանը՝ նախագահի ելույթից

Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանն այսօր՝ Մայրենի լեզվի միջազգային օրը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս՝ որքան ավելի դժվար ժամանակներ են գալիս լեզվի համար, այնքան վերջինս կարողանում է ինքնապաշտպանվել. Նա նկատեց, որ այսօր հարյուր հազարից ավել նոր բառեր կան հայերենում, որոնք կարիք ունեն ամրագրման:
«Ոչ ոք չէր կարող մտածել, որ «ինտերնետը» կփոխարիվի «համացանցով», բայց եղա՞վ չէ այդպես. մեր լեզուն բավականին հարուստ է, և անցումը ստիպողաբար չես անի»,-ասաց նա: Լեզվի պետական տեսչության պետի խոսքով շատերը երբեմն գրական լեզուն խոսակցականի հետ են շփոթում և հիշատակեց Հրանտ Մաթևոսյանի գործերը, որոնք, կարծես թե Լոռվա բարբառով են գրված, սակայն. «Լոռվա խոսվածքով ոչինչ կա, հրաշալի մաքրամաքուր հայերեն է»,-ասաց նա:
Հարցին՝ ինչպես կգնահատի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ խորհրդի նիստում լեզվի գրագիտության տեսանկյունից, Երիցյանը պատասխանեց, որ չէր ցանկանա գնահատական տալ որևէ պաշտոնյայի. «Կարծում եմ, որ բառերը բառեր են, այլ բան է, թե բառերն ինչ կոնտեքստով են օգտագործվում, գրավոր բարձրակարգ խոսք է եղել»,-ասաց նա: Ինչ վերաբերում է տուգանքներին, որոնք լինում են տեսչության կողմից, Երիցյանը համաձայնեց տնտեսվարողների հետ, որ օրենսդրական նախաձեռնությունը պետք է շտկվի, քանի որ 250.000 դրամը բավականին շատ է մեկ խախտման համար, և լավ կլինի, որպեսզի նախապես զգուշացման համակարգ լինի և նոր տուգանք: Երիցյանն ընդգծեց, որ եթերում խաթարումները լինում են հիմնականում սերիալներում, հումորային ու թոք շոուներում: