«Ինչ ունեմ ասելու՝ ասել եմ հանրային կերպով». Անահիտ Ավանեսյանին «Քովիդի գործով» չեն կանչել հարցաքննության
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին «Քովիդի գործով» չեն կանչել հարցաքննության։
«Հարցաքննությունն ինտերվյու չէ, որ ես որոշեմ տամ, չտամ, ինձ չեն հրավիրել», – կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Նախարարը պատրաստ է ներկայանալ ու բացատրություն տալ այդ գործով, բայց իր կամքով չի գնա ու խնդրի, որ իրեն հարցաքննեն։
«Չէ, ես մշտապես եղել եմ շատ թափանցիկ, պատասխանել եմ բազմաթիվ հարցերի, ինչ ունեմ ասելու՝ ասել եմ հանրային կերպով»,- նշեց Ավանեսյանը։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում կատարված չարաշահումների գործով այդ ժամանակ նախարարի պաշտոնը զբաղեցրած Արսեն Թորոսյանին հարցաքննելու կարիք կա։
Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ 2020-2022-ին Առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Գևորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։
«Մեդլայն» բժշկական կենտրոնի տնօրեն Բաբկեն Շահումյանն ու Գևորգ Սիմոնյանը կալանավորվել էին, իսկ «Թոքաբանության ազգային կենտրոնի» դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ի նկատմամբ ընտրվել էր այլընտրանքային խափանման միջոց տնային կալանքը։ Կալանավորվել էին նաև մի շարք այլ անձիք։
Ապրիլի 27-ին Գևորգ Սիմոնյանն ազատ էր արձակվել։
Հիշեցնենք նաև, որ «Քովիդ»-ի ժամանակ արտակարգ դրություն սահմանվեց ՀՀ տարածքում. ՀՀ պարետ էր նշանակվել այն ժամանակ փոխվարչապետ, այժմ` Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Այդ ժամանակ Առողջապահության նախարար էր Արսեն Թորոսյանը։ Արսեն Թորոսյանը հարուցված քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողությունների վերաբերյալ հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով՝ իր համար տարօրինակ է, որ մինչ օրս ինքն ու Առողջապահության գործող նախարար Անահիտ Ավանեսյանը չեն հարցաքննվել։