Ի՞նչ առաջարկներ են ներկայացրել համանախագահները կողմերին. բացառիկ հարցազրույց Ջեյմս Ուորլիքի հետ. Արցախպրես
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը բացառիկ հարցազրույց է տվել «Արցախպրես» լրատվական գործակալությանը, որտեղ խոսել է վերջին շրջանի մի շարք աղմկահարույց հայտարարությունների և հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի զարգացումների մասին:
Ի դեպ, նշենք, որ այն բացառիկ է նաև այն պատճառով, որ առաջին անգամն է համանախագահներից մեկը հարցազրույց տալիս արցախյան լրատվամիջոցի, գրում է artsakhpress.am-ը:
-Պարոն Ուորլիք, հայտնի է, որ անցած տարվանից ի վեր շփման գծի երկայնքով արձանագրվել է լարվածության աճ, ինչը զգալիորեն վտանգում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Տեսնու՞մ եք, արդյոք, հայտարարություններից բացի, որևէ գործնական մեխանիզմներ, որոնք կարող են նպաստել իրավիճակի կայունացմանը:
-Անցած տարվա ընթացքում շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով լարվածության աճը վտանգում է ոչ միայն համանախագահների միջնորդական ջանքերը, այլև նախագահների հանձնառությունը իրենց ժողովուրդների առջև՝ լուծելու ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով:
Գոյություն ունեն մեխանիզմներ, որոնք կարող են նվազեցնել ոչ դիտավորյալ պատահարների հավանականությունը հակամարտության գոտում, և մենք սատարում ենք դրանց իրականացումը՝ ուղղված տեղում իրավիճակի կայունացմանը: Համանախագահները հակամարտության կողմերին ներկայացրել են մի շարք առաջարկներ, որոնք այժմ քննարկվում են տարածաշրջան մեր այցի ընթացքում:
-Համանախագահներն այժմ գտնվում են տարածաշրջանում: Կա՞ն որևէ կոնկրետ առաջարկներ, որոնք քննարկվելու են բոլոր երեք կողմերի հանդիպումների ընթացքում:
-Նախ և առաջ, մենք կողմերի հետ խոսում ենք տարածաշրջանին սպառնացող վերջին լարվածության ու բռնության մասին: Բռնության շարունակման պայմաններում չի կարող առաջընթաց լինել դիվանագիտական հարթությունում: Մենք նաև բարձրացնում ենք նախագահների հանդիպումների վերականգնման անհրաժեշտության հարցը, ում ձեռքերում են գտնվում խաղաղության բանալիները: Բացի դրանից, կարևորում ենք տևական կարգավորման վերաբերյալ համապարփակ բանակցությունների սկսումը: Չափազանց կարևոր է ունենալ կայուն բանակցային գործընթաց, որը կարող է բերել խաղաղության մասին համաձայնագրի:
– Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Դուք նշել եք, որ Աստրախանի հռչակագրի համաձայն ՝ Ադրբեջանի երկու քաղաքացիների (որոնք դատապարտվել են ծանր հանցագործությունների համար) փոխանցումն Ադրբեջանին կլինի կարևոր մարդասիրական քայլ, որը կարող է նպաստել լարվածության նվազեցմանը և կողմերի միջև վստահության հաստատմանը: Արդյո՞ք, կարծում եք, որ Աստրախանի հռչակագիրը կիրառելի է հանցագործների պարագայում, և այս հանցագործությունների անպատժելիության հանգամանքը չի խորացնի Ադրբեջանում ամենաթողության կեղծ զգացումը, ինչը տեղի ունեցավ Ռամիլ Սաֆարովի դեպքում:
-Նախկինում կողմերը, որպես մարդասիրական քայլ, հիմնականում ճանապարհ գտել են վերադարձնելու բանտարկյալներին: Ներկայիս այս աստիճանի լարվածության պայմաններում, նման մարդասիրական մոտեցումը կարող է խթանել բանակցությունների համար առավել բարենպաստ միջավայրի ստեղծմանը:
-1997 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացի ուղղակի և լիիրավ կողմ չի եղել: Միևնույն ժամանակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարբեր առիթներով հայտարարել են, որ ղարաբաղյան կողմը շուտով կրկին կընդգրկվի ուղիղ բանակցություններում: Չե՞ք կարծում, որ տվյալ իրավիճակում բանակցությունների նախկին՝ եռակողմ ձևաչափի վերականգնումը վճռորոշ դեր կունենա դրանց առաջընթացի համար:
-Ինչպես բանակցային գործընթացում, այնպես էլ հակամարտության կարգավորման հարցում պետք է հաշվի առնվեն բոլոր կողմերի շահերը: Կողմերի համար առաջին քայլն այն է, որ նրանք արտահայտեն իրենց պատրաստակամությունը՝ սկսելու նման բանակցություններ:
-Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ ԵԱՀԿ համանախագահությունն սպառել է իրեն, և համանախագահների միջև առկա են տարաձայնություններ և առաջարկել փոփոխություններ մտցնել միջնորդական ձևաչափի մեջ: Համաձա՞յն եք վերոնշյալի հետ:
-Որպես համանախագահներ՝ մենք միասնական ենք մեր ջանքերում՝ միջնորդելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ եւ տևական կարգավորմանը: Մինսկի խումբը միջնորդական միակ ձևաչափն է, որն ընդունելի է կողմերի համար: Մենք շարունակելու ենք խաղաղության հաստատմանն ուղղված մեր աշխատանքները մեր մանդատի շրջանակներում, քանի դեռ բոլորը համամիտ են, որ մեր դերը, որպես միջնորդների, մնում է օգտակար:
Աղբյուր` artsakhpress.am