15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Որպես անկուսակցական եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ, ցանկանում եմ անդրադառնալ պատգամավոր Մարիա Կարապետյանի՝ Ազգային Ժողովում սույն թվականի ապրիլի 20-ի ելույթին

Որպես անկուսակցական եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ, ցանկանում եմ անդրադառնալ պատգամավոր Մարիա Կարապետյանի՝ Ազգային Ժողովում սույն թվականի ապրիլի 20-ի ելույթին: Նախ եւ առաջ, ինչպես որ վերոնշյալ պատգամավորը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի՝ Սուրբ Հարության տոնի առիթով պատգամից մի հատված ընթերցելով նշել է, որ դա «ամենայն հարգանքով ընդդիմախոսություն է պետությանը, եթե նույնիսկ այդպիսին գիտակցաբար չի մտածվել», ապա նույն այդ տրամաբանությամբ կարելի է ասել, որ նրա՝ Կարապետյանի ելույթի սկզբում իր իսկ կողմից առաջ քաշված թեզը, որը սկսվում է «Մեր իրականության մեջ կան…» բառերով, «ընդդիմախոսություն» է նաեւ եկեղեցուն (եկեղեցու՝ երկու իմաստներով էլ՝ թե որպես հավատացյալների հավաքականություն, թե որպես հոգեւոր կառույց):

Հաջորդը, որպես հանրային առողջապահության, ինչպես նաեւ գործարար կառավարման մասնագետ, չեմ հասկանում նրա կողմից նշված մատաղ անելու ավանդույթի եւ սննդային անվտանգության իրավական կառուցակարգերի միջեւ հակասության ակնարկը: Առհասարակ, մատաղ նշանակում է «մատոյ աղ», այն է՝ կերակուր մատուցել աղքատներին, եւ այն կարող է լինել նաև մսի տեսքով: Իսկ մատաղի ակունքները գալիս են 1-ին դարից, երբ Սբ. Պատարագից հետո քրիստոնյաները «սիրո ճաշի» շուրջ էին հավաքվում, որը բաշխում էին աղքատներին եւ հիվանդներին: Այսպիսով, եթե պատգամավորը նկատի ուներ մսի տեսքով մատաղը, ապա խոսքը պետք է վերաբերեր անասունների սպանդի ճիշտ կազմակերպմանը, որն ինքնին արդեն այլ թեմա է եւ առնչվում է օրինակ՝ սպանդանոցներին, բակային մորթին եւ այլն:

Եւ վերջապես, Կարապետյանի հարցադրմանը, թե՝ «վերջին տարիներին պա՞ս ենք սկսել քիչ պահել», կուզեի արձագանքել հետևյալ փաստագրումով՝ Եկեղեցու տաղավար տոներին հաջորդող Ննջեցյալների հիշատակության օրը՝ Մեռելոցը, նաեւ հունվարի հինգը, երբ Սուրբ Ծննդյան Ճրագալույցն է, աշխատանքային օրեր դարձնելը, վերջին տարիներին կատարված օրենսդրական գործողություն է, որով անտեսվել է Հայ Առաքելական Եկեղեցու զավակների այսպես ասած կրոնական պատկանելությունից բխող իրավունքները, օրինակ՝ այդ կարևոր օրերին Սբ. Պատարագներին մասնակցելը: Կարծում եմ՝ կարիք չկա այս առումով մի շարք երկրների փորձը օրինակ բերելու։

Ընդհանուր առմամբ, ելույթից տպավորություն ստացա, որ հա՛մ նալին, հա՛մ մեխին խփելուն ուղղված մեծ ճիգեր էր թափվում, եւ, ընդհանրապես, հարկ է կարծիքներ եւ պնդումներ անելուց առաջ բավականաչափ ուսումնասիրել նյութը, տարըմբռնման պարագայում՝ քրիստոնեական խոնարհություն դրսեւորելով եկեղեցու մասնագիտական տեսակետն իմանալ խնդրո առարկայի, թեկուզ այդքան «անմեղ» օրինակի վերաբերյալ, նոր հանդես գալ պնդումներով՝ հատկապես, եթե պետք է պետության թիվ մեկ ամբիոնից դրանք հնչեն, մասնավորապես՝ ՀՀ պատգամավորի կողմից՝ չմոռանալով, որ ՀՀ քաղաքացիների զգալի մասն իրեն համարում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ