27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Եթե «չկա իշխանություն, որ Աստծուց չլինի», ապա այդ դեպքում ինչո՞ւ Դուք գլխավորեցիք հանրապետության երրորդ նախագահին իշխանազրկելու նախաձեռնությունը և « մերժեցիք Սերժին». Տեր Զարեհը՝ Նիկոլ Փաշինյանին

Տեր Զարեհ Աշուրյանը գրում է. «Հէնց քո բերանով քեզ պիտի դատեմ…» (Ղուկաս 19:22) կամ՝ ինչո՞ւ պետք է դպրոցներում դասավանդվի Հայ Եկեղեցու պատմություն առարկան

Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ նաև Հայ Եկեղեցու հետ իշխանությունների լարվածությանը ի մասնավորի նկատելով.
Եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն կառավարության հետ, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծու հետ: Պողոս առաքյալից մի մեջբերում անեմ, ասում է՝ չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, ով հակառակվում է իշխանությանը, Աստծուն է հակառակվում, թող եկեղեցին իր հավատի, իր էության մասին մտածի»,-եզրափակեց վարչապետը:

Պողոս առաքյալի համապատասխան տողի փաշինյանական մեկնաբանությունը հարցեր է առաջացնում: Մասնավորապես, եթե « չկա իշխանություն, որ Աստծուց չլինի», ապա այդ դեպքում՝

1. ինչո՞ւ Դուք գլխավորեցիք հանրապետության երրորդ նախագահին իշխանազրկելու նախաձեռնությունը և « մերժեցիք Սերժին»,

2. ի՞նչ հիմքով եք դատում հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին,

3. Եվ վերջապես ինչո՞ւ եք անտեսում հոգևոր իշխանությունը, Հայոց Եկեղեցին:

Եթե անկախ Հայաստանի « ամենահոգևոր» և « ամենահավատացյալ» վարչապետն իրոք հավատում է, որ «չկա իշխանություն, որ Աստծուց չլինի», ուրեմն Փաշինյանն ինքն «Աստծուն է հակառակվում» ի դեմս երկու նախագաների: Երրորդ կետի՝ հոգևոր իշխանության մասով մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին:

Ինչ վերաբերում է սաղմոսերգու և պողոսագետ վարչապետի մյուս հայտարարությանը, թե՝ «թող եկեղեցին իր հավատի, իր էության մասին մտածի», ապա նշենք, որ եկեղեցին, այս դեպքում Հայոց Եկեղեցին, քանի որ ենթադրում ենք նա իր կոչը Հայոց Եկեղեցուն է ուղղել, իր հավատի մասին մտածել է Դ-Ե դարերում արդեն, որին կարող է ծանոթանալ երեք տիեզերաժողովների կանոնների միջոցով: Իսկ «եկեղեցու էությունը» Պողոս առաքյալը դեռևս առաջին դարում է սահմանել՝ եկեղեցին համեմատելով Քրիստոսի մարմնի հետ (տե՛ս Եփես. 5.29–30, Կող. 1.18, Ա Կորնթ. 12.13): Հայոց Եկեղեցու հավատքը ենթակա չէ վերատեսության, ինչպես նաև եկեղեցու մասին Պողոս առաքյալի բնորոշումը: Փաշինյանը հավանաբար մոռացել է, որ

ԵԿԵՂԵՑԻ բառը հուն. εκκλησια – էկլեսիա (էքլիսիա) – հավատացյալների ժողով բառից է ծագում, և այն որևէ ձևով նույնական չէ հոգևոր դասի հետ: Այլ խոսքով՝ Քրիստոսի անունով հավաքված ժողովուրդն է եկեղեցին: Ստացվում է, որ հավատացյալ ժողովո՞ւրդը պիտի մտածի իր հավատի և էության մասին: Կարծես թե այդքան էլ լավ չի ստացվում, բայց անցնենք առաջ:

Գալով Պողոս առաքյալի խոսքին, թե՝ «Ամեն մարդ, որ իշխանության տակ է, թող հպատակվի նրան. քանզի չկա իշխանություն, որ Աստծուց չլինի և եղած իշխանությունները Աստծուց են կարգված…» (Հռոմ. 13.1), ապա պետք է նկատել, որ խոսքը միայն աշխարհիկ իշխանությանը չի վերաբերում, այլ իշխանությանն առհադարակ: Եվ ավելին: Հրեական մտածողության մեջ իշխանությունը՝ մյուսների մասին հոգ տանելու կարողությունն է, որն անմիջական

կախման մեջ է գտնվում Աստծու կամքից: Ըստ այնմ՝ բոլոր նրանք, որ իշխանություն ունեն՝ թագավոր, քահանա, դպիր, պետք է Աստծու անունից գործեն՝ իրենց ղեկավարմամբ տեսանելի դարձնելով դա:

Ամփոփենք: Եթե Պողոս առաքյալի փաշինյանական մեկնաբանությանը հետևենք, ապա կստացվի, որ Եգիպտոսից փախչող իսրայելացիները պետք է հնազանդվեին փարավոնին և առնվազն կոտորվեին, որ Հիսուսին խաչողները աստվածային իշխանությամբ են առաջնորդվել, որ գաղութատիրությունն ու ստրկավաճառությունն աստվածային օրհնություններ էին, որ ֆաշիզմի դեմ պայքարը պարզապես հակառակություն էր Աստծուն և վերջապես, որ 1915 թ. հայոց ցեղասպանությունը ոչ ավել ոչ պակաս Աստծու կամքն էր: Բոլոր հիշյալ իրադարձություններն ու երևույթներն էլ գործ ունեն իշխանության հետ:

Այսպիսով՝ շարունակենք աղոթել ՀՀ վարչապետ տիար Փաշինյանի համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ