Թուրքական լրատվամիջոցները արձագանքել են հայ-թուրքական արձանագրությունների հետկանչին
Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ ցյուրիխյան արձանագությունները Հայաստանի Ազգային ժողովից հետ կանչելու ՀՀ նախագահի որոշումն իր արձագանքն է գտել է թուրքական լրատվությունում: Թեմային անդրադարձել են թե իշխանամետ, թե հակաիշխանական լրատվամիջոցները: Արձանագրությունների հետկանչն առավելապես լուսաբանվում է փաստի արձանագրման և լրատվության ձևաչափով` զերծ որևէ տեսակի մեկնաբանություններից, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը:
Որոշ դեպքերում բացառություն են կազմում վերնագրերը, որոնք տալիս են գնահատական կամ արտահայտում վերաբերմունք: Արձանագրությունների հետկանչի լուրը հրապարակվել է թուրքական շուրջ 3 տասնյակ էլեկտրոնային լրատվամիջոցների կայքերում` միմյանցից գրեթե նույնությամբ արտատպելու գործելաոճով:
Ստորև ներկայացվում են ազդեցիկ լրատվամիջոցների արձագանքը:
Իշխանությանը մոտ կանգնած լրատվամիջոցներ.
«Անադոլու» լրատվական գործակալություն
«Սարգսյանը Թուրքիայի արձանագրությունները հետ կանչեց»
Ներկայացվում է ՀՀ նախագահի նշած պատճառաբանությունը, թե ինչու են արձանագրությունները հետ կանչվում: Վկայակոչելով Սերժ Սարգսյանին` ընդգծվում է արձանագրությունների կնքումից ի վեր տևած 6 տարվա սպասողականությունը, դրանք վավերացնելու համար Հայաստանի ցուցաբերած հետևողականությունը և դրան հակառակ թուրքական իշխանությունների կամքի բացակությունը, արձանագրությունների բովանդակության խեղաթյուրումը և նախապայմանների լեզվով խոսելը:
Չներկայացնելով ՀՀ ազգային ժողովի նախագահին ուղղված ՀՀ նախագահի նամակի ողջ բովանդակությունը` «Անադոլու»-ն հիշեցնում է արձանագրությունների անցյալը, թե ինչպես Թուրքիան դրանք ուղարկել մեջլիս, թե ինչպես Հայաստանի իշխանությունները նախ դրանք հանձնեցին Սահմանադրական դատարանի դատին, ապա նաև 2010-ի ապրիլի 22-ին ՀՀ նախագահի կողմից վավերացման գործընթացը առկախելու մասին:
«Աքշամ» օրաթերթ
«Հայաստանի կողմից պրովոկացիոն քայլ»
Թերթը նշում է, որ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին ուղղված նամակում հայտնելով հայ –թուրքական արձանագրությունները հետ կանչելու որոշման մասին, ընդգծել էր, որ արձանագրությունների ստորագրումից ի վեր Հայաստանը դրանք կյանքի կոչելու հարցում ցուցաբերել է վճռական մոտեցում: Ըստ աղբյուրի՝ Հայաստանի նախագահը մեղադրել է թուրք գործիչներին, քաղաքական կամք չդրսևորելու, արձանագրությունների խոսքն ու էությունը խեղաթյուրելու և անընդհատ նոր նախապայմաններ են առաջ քաշելու մեջ: Ընդ որում վերջին միտքը գլխագրված է առանձին ենթավերնագրով, այն է. «Սարգսյանը նորից մեղադրեց Թուրքիային»:
«CNNTurk» լրատվական ծառայություն
«Սարգսյան. Թուրք իշխանավորների կամքի բացակայությունը աղավաղում է արձանագրությունների ոգին»
Առաջին հայացքից ծավալուն թվացող անդրադարձի ճնշող հատվածը վերաբերում է արձանագրությունների նախապատմությանը և անցած ճանապարհին: Մասնավորապես հիշատակություն կա շվեյցարական միջնորդության, երկու երկրների խորհրդարաններ ուղարկվելու, ապա ՀՀ նախագահի կողմից վավերացման գործընթացը առկախելու մասին:
«Միլլիյեթ» օրաթերթ
«Հայաստանը կարգավորման արձանագրությունները հետ կանչեց»
Թերթի տեղեկացմամբ՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին ուղղված նամակում նշել է, որ արձանագրությունների ստորագրումից հետո անցել է 6 տարի, որի ընթացքում Հայաստանը պահպանել է իր հետեւողական դիրքորոշում: Սակայն թուրքական կառավարության շարունակում է առաջ քաշել նախապայմաններ, որոնք չեն համապատասխանում արձանագրությունների ոգուն: « Մենք պատրաստ էինք ինչպես արձանագրությունների վավերացման միջոցով հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այնպես էլ դրանց ձախողվելու տարբերակներին, քանզի թաքցնելու ոչինչ չունեինք, և միջազգային հանրության համար պարզ էր դառնալու, թե իրականում որ կողմի մեղքով այդպես էլ չբացվեց Եվրոպայի վերջին փակ սահմանը»,- նախագահի խոսքերը մեջբերում է թուրքական կայքը:
«Hurriyet» օրաթերթ
«Թուրքիայի պատասխանը Հայաստանին. սխալ և անհաջող քայլ»
Հրապարակված լուրի մեջ նշվում է, որ արձանագրությունները հետ կանչելու մասին իր նամակում Սերժ Սարգսյանը մեղադրել է Թուրքիային արձանագրությունների ոգուն հակառակ գործելու և անվերջ նախապայմաններ առաջ քաշելու մեջ: Աղբյուրի հաղորդմամբ` այդ կապակցությամբ «Hurriyet»-ի հետ զրույցում Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների առաջին արձագանքը եղել է հետևյալը` «Սխալ և անհաջող քայլ է»:
Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչները նաև նշել են. «Արձանագրությունները Հայաստանի խորհրդարանում սպասում էին, սակայն որևէ քայլ չէր արվում: Այս որոշումը Հայաստանի պաշտոնական շրջանակների սեփական ներքին գնահատականն է: Սակայն մենք այն ճիշտ չենք գտնում: Սա անկեղծությունից հեռու մոտեցում է»:
Ընդդիմադիր լրատվամիջոցներ
«Taraf» օրաթերթ
«Հայաստանի`Թուրքիային ուղղված քննադատական որոշումը»
Նշվում է, որ ՀՀ նախագահը Թուրքիայի կառավարությանը հասցեագրել է բավականին խիստ արտահայտություններ: Այնուհետև ամբողջությամբ մեջբերվում է ՀՀ նախագահի նամակը: Այդ առումով «Taraf»-ը մնում է առայժմ միակ թուրքական լրատվամիջոցը: Նամակի մեջբերումից հետո ներկայացվում է արձանագրությունները չվավերացվելու և Սերժ Սարգսյանի կողմից առկածվելու պատմությունը:
«T24.com.tr» լրատվակայք
«Սարգսյանը Հայաստան-Թուրքիա արձանագրությունները հետ կանչեց խորհրդարանից»
Տեղեկացնելով, որ ՀՀ նախագահը հայտարարել է արձանագրությունները ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին` լրատվական կայքն ընդգծել է, որ ՀՀ ԱԺ նախագահին ուղղված Սերժ Սարգսյանի նամակում մասնավորապես նշվում է, որ արձանագրությունների ստորագրումից արդեն վեց տարի է անցել, այս ընթացքում Հայաստանը հետևողական մոտեցում է ցուցաբերել գործընթացին, մինչդեռ Թուրքիան գործել է` հակառակ արձանագրություններին տառին և ոգուն` մշտապես նախապայմաններ առաջ քաշելով:
Այնուհետև կայքըն անդրադարձել է երկու երկրների միջև վերոհիշյալ արձանագրություններով նախատեսված համագործակցությանը և Թուրքիայի կողմից առաջ քաշված նախապայմաններին: Այս առումով լրատվամիջոցը մասնավորապես հիշեցնում է, որ արձանագրություններով ենթադրվում էր Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը, երկու երկրների արտգործնախարարների ղեկավարությամբ միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը, այդ հանձնաժողովի գործունեությունը կարգավորող կանոններ ստեղծելու համար հանձնախմբի հիմնումը, հանձնաժողովի գործունեությունը կարգավորող կանոնների հաստատումը նախարարների կողմից, հանձնաժողովի առաջին նիստերի կազմակերպումը:
«Սակայն,- շարունակում է լրատվամիջոցը,- Թուրքիան ավելի ուշ առաջ քաշեց ՀՀ-ի կողմից Ցեղասպանության թեման պաշտոնական օրակարգից հանելու և ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորելու պահանջը` որպես արձանագրությունների հետագա զարգացման նախապայման: Ավելի ուշ` 2010 թ. ապրիլի 22 –ին ՀՀ նախագահը հայտարարեվց արձանագրությունների վավերացման գործընթացի սառեցման մասին: Արդյունքում բավական երկար ժամանակ արձանագրությունները սառեցված վիճակում էին»: