Քուանշ, տիկին դատախազ. Միհրան Պողոսյան
Միհրան Պողոսյանը գրում է. «Մեր մարդասեր դատախազին փոխանցեք #քուանշ տիկին դատախազ…
Քիչ առաջ գլխավոր դատախազը ԱԺ-ում կրկին անգամ ստորացնում էր իրավաբանություն մասնագիտությունը և ԱԺ ամբիոնից, ինչպես երկու ամիս առաջ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ էր հայտնում։
Այսպես.
Պատասխանելով պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կոնկրետ հարցին Ա. Վարդապետյանը նշեց, որ
ա. երբ նշել է 18 միլիոնը, ներկայացրել է գույքի կադաստրային արժեք,
բ. բանկային գաղտնիքի վերաբերյալ տվյալները իրենց հասանելի չեն եղել, իսկ այժմ հասանելի են, իսկ գույքը այս պահին արգելադրված է։
Միևնույն ժամանակ, տիկին Ա. Վ.-ն տուրք տալով ներկայիս ընչաքաղց իշխանության գործելաոճին, չմոռացավ վկայակոչել 100 միլիոն դրամ արտահայտությունը, թե իբր անձին մեղսագրված արարքով պետությանը պատճառվել է այդքան վնաս։
#Քուանշ N1
Տիկին Ա. Վարդապետյանին խորհուրդ կտամ ամեն առավոտ մեկ բաժակ մեղրաջուր խմել, քանի որ վերջինս չի հիշում երկու ամիս առաջ նույն ամբիոնից խրոխտ ձայնով արտաբերած մտքերը։ Մասնավորապես վերջինս պատասխանելով ՔՊ-ական մի շարք պատգամավորների հարցերին պնդում էր, որ «զորամասը վեր է ածվել գումարի, ստացել են 18 միլիոն դրամ գումար, զորամասը գրավադրվել է 18 միլիոնով», իսկ այսօր չունենալով հստակ պատասխաններ հնչեցված հարցերին, ինքն իրեն հերքելով պնդեց, որ ի նկատի է ունեցել կադաստրային արժեքը, ինչն առնվազն կեղծիք է։
Ընդ որում, պետք է արձանագրել, որ 18 միլիոնը սույն գործով երբևէ որպես կադաստրային արժեք չի շրջանառվել, քանի որ հողի կադաստրային արժեքը շուրջ երկուսուկես միլիոն դրամ է, ուստի տիկին դատախազը քաջ գիտակցում է իր հայտնած տեղեկությունների և դրա վերաբերյալ արդարացումների կեղծ լինելը։
#Քուանշ N2
Բանկային գաղտնիք չունենալու մասով, տիկին դատախազը կրկին դիմում է հիշողության կորստի օգնությանը և մոռացության մատնում այն հանգամանքը, որ պատասխանելով պատգամավորի հարցին, հստակ և աներկբա պնդել է, որ գույքը փետրվարի 7-ի դրությամբ գրավադրված է, իսկ այժմ պնդում է թե իբր բանկային գաղտնիք չեն ունեցել և տեղեկությունների չի տիրապետել։
Այս դեպքում տրամաբանական հարց է ծագում, եթե բանկային գաղտնիք չունեին, ապա ինչու էին փետրվարի 7-ին ԱԺ-ում պնդում, որ գույքը գրավադրված է, այն դեպքում երբ գույքի գրավադրված չլինելու մասին տեղեկացված էին գույքի կադաստրային գործից, որը փառք Աստծո իրենց տրամադրության տակ էր։
Հասկանում եմ, որ այս փաստերի ճնշման ներքո անհարմար վիճակում էր հայտնվել տիկին դատախազը ու Տիգրան Աբրահամյանի հարցին չպատասխանելու համար պետք էր «100 միլիոն» օպերացիան գործի դնել, սակայն նշեմ, որ հիշյալ մանիպուլյացիան ևս անհաջող փորձ էր, քանի որ նախ ինչպես նախկինում նշել ենք Գրիգորի Խաչատուրովը տվյալ անշարժ գույքի հետ կապ չունի, իսկ Էդգար Արշակյանի սեփականությունը հանդիսացող գույքը «100 միլիոնին» մոտ արժեք երբևիցե չի ուեցել, ուստի անիմաստ է պետությանը ենթադրյալ պատճառված վնասի մասին խոսելը, երբ պետք էր ուղղակի պատասխանել շատ պարզ հարցի – Ինչու՞ են նախկինում ստել։
Կրկին անգամ շնորհակալ եմ Տիգրան Աբրահամյանին՝ Գրիգորի Խաչատուրովի դեմ կարված գործը, դատախազության իրական դեմքը վեր հանելու համար, իսկ դատախազությանը խորհուրդ կտամ ……. լռել, ուղղակի լռել, քանի որ Հայաստանում դեռ գործում է իր դեմ չվկայելու սկզբունքը»։