Պատերազմի շեմին գտնվող մեր երկրում 89 մլն 280 հազար դրամ գումար է վճարվել ջազ համերգի համար․ «Ժողովուրդ»
Երեւանի քաղաքապետարանն այս տարվա փետրվարի 23-ին մեկ անձից գնման շրջանակներում պայմանագիր է կնքել «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ հետ ջազ համերգ կազմակերպելու համար: Պատերազմի շեմին գտնվող մեր երկրում 89 մլն 280 հազար դրամ (մոտ 228 հազար դոլար) գումար է վճարվել ջազ համերգի համար ուղիղ մեկ ընկերությանը:
Իհարկե, առաջին անգամը չէ, որ մեկ անձից գնման ընթացակարգով նման ահռելի թվով գործարք է կնքվում, եւ այս դեպքում պատճառաբանված չէ, թե ինչու պետք է նման մասշտաբի համերգ կազմակերպել՝ վճարելով այսքան մեծ գումար։ Ընդ որում, 2023 թվականի ապրիլին Երեւանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացման համար կազմակերպված մրցույթի հաղթողը եւս այս ընկերությունն է եղել: Հաղթող ընկերության՝ «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրից պարզ է դառնում, որ ընդհանուր ծառայության համար ԿԳՄՍ նախարարությունը փուլային եղանակով կվճարի 1 մլրդ 160 մլն դրամ, որ կազմում է 2.5 միլիոն դոլար։
Նկատենք, որ «Բեգրաունդ Փրոդաքշն» -ի հետ նման պատկառելի գորմարքներ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները հաճախ են կնքում: Օրինակ՝ 2022 թվականին վարչապետի աշխատակազմը «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ -ի հետ 33 մլն 750 հազար դրամի պայմանագիր է կնքել, 40 մլն 410 հազար դրամի՝ «Բրիջդ» ՍՊԸ-ի, 80 մլն 183 հազար դրամի էլ դարձյալ «Բեգրաունդ Փրոդաքշն» ՍՊԸ-ի հետ է պայմանագիր կնքել: Պետական տոնացույցում ընդգրկված Անկախության օրվան նվիրված միջոցառումները Կառավարությունն իրականացրել էր մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով՝ առանց մրցույթի։ Իսկ ո՞ւմ է պատկանում «Բեգրաունդ Փրոդաքշն» ընկերությանը, որ մշտապես հաղթում է առանց մրցույթների։
«Բեգրաունդ Փրոդաքշըն» ՍՊԸ-ն գործունեություն սկսել է ծավավել 2018-ի հեղափոխությունից հետո։ Հիմնադիր տնօրենը Արմեն Սարգսյանն է. վերջինս 2021 թվականի դեկտեմբերի 2-ին նշանակվել էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի օգնական, Վահագն Խաչատուրյանի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո՝ 2022 թ. մարտի 18-ին, ազատվել է աշխատանքից: Այժմ միայն Background Production-ի հիմնադիր գործադիր տնօրենն է»: