Միջադեպի հրահրումը տեղի է ունեցել Վլադիմիր Վարդանյանի կողմից, ոստիկանության պետի տեղակալը բրդբրդել է Մհեր Սահակյանին. Սեյրան Օհանյանը մանրամասներ ներկայացրեց
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ կոնֆլիկտ է տեղի ունեցել «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Սահակյանի և հանձնաժողովի քպ-ական նախագահի միջև։ Կոնֆլիկտից հետո իրավիճակը հարթեցվել էր, լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Դրանից հետո ոստիկանները եկան իմ սենյակ, ասելով, որ ուզում են իրավական ընթացք տալ գործընթացին և հարցաքննել Մհեր Սահակյանին։ Այնինչ, եթե այդպիսի որոշում է ընդունվել, պետք է երկուստեք լինի, որովհետև իմ իմացությամբ, նշված միջադեպի հրահրումը տեղի է ունեցել Վլադիմիր Վարդանյանի կողմից։ Չի կարող պատահել, որ Մհեր Սահակյանը որոշեց և հարվածեց։ Արդեն պայմանավորվել էինք ոստիկանության հետ, հրավիրեցինք Մհեր Սահակյանին, որպեսզի գնա ոստիկանության Արաբկիրի բաժին։ Այդ պահին ներս մտավ Ալեն Սիմոնյանը և իր գործողություններով, կարելի է ասել, կազմակերպեց այդ ներքին խառնաշփոթը։ Օգտվելով Ալեն Սիմոնյանի ներկայությունից, ոստիկանության պետի տեղակալն սկսեց Մհեր Սահակյանին բրդբրդել, ինչի իրավունքը չունի, և մեծ խառնաշփոթ կազմակերպեցին»,-մանրամասները ներկայացրեց Սեյրան Օհանյանը։
Պատգամավորի խոսքով՝ այս ամենը կողմնակալ մոտեցում է «Հայաստան» խմբակցության պատգամավորի նկատմամբ։