Ինչքան վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը ցանկացավ գալ և աշխատել. Անդրանիկ Քոչարյանը՝ քննիչ հանձնաժողովի նիստերին չմասնակցող զինվորականների մասին
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողներին ասաց, թե պաշտոնական գրություն են ուղարկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար։
«Հանրային ասել ենք, պաշտոնական գրություն էլ ենք ուղարկում բոլոր նրանց, ովքեր չգիտես՝ ինչու խուսափում են քննիչ հանձնաժողով ներկայանալուց», – ասաց Քոչարյանը։
Հարցին, թե դեռևս արձագանք չկա՞՝ կմասնակցեն հարցաքննությանը, թե ոչ՝ քպ-ական պատգամավորն ասաց.
«Պռոբլեմը դա չի, տեսեք, թե ինչքան վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը ցանկացավ գալ և աշխատել»։
Հիշեցնենք, ավելի վաղ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, թե զինվորականներ կան, որոնք վախեցած են և հրաժարվել են մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին։