«Թեկուզ պոլի փետ լինի, բայց մերոնցից լինի»․ «Փաստ»
Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում խոսել այն մասին, թե «նոր Հայաստանում», այն է՝ այն բանից հետո, ինչ ինքն ու իր «քայլողներն» են վերցրել իշխանությունը, ընտրություններ չեն կեղծվում, ամեն ինչ արդար է, բլա-բլա-բլա… Կեղծավորության աստիճանով դա կարող է համեմատվել, օրինակ՝ «կոռուպցիա չկա»-ի կամ «արտոնյալ բիզնեսմեններ չկան»-ի մասին նույն գործչի հայտարարությունների հետ: Չնայած, ինչո՞ւ ընտրություններից հեռու գնալ: Նախորդ համարում ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ անդրադարձում ընդհանուր գծերով ցույց էինք տվել վերոհիշյալ հայտարարության փուչ լինելը:
Եթե անգամ համարենք, որ ընտրությունները չեն կեղծվում (ասում ենք՝ եթե), ապա դրանց արդյունքները կամայականորեն խեղաթյուրվում են, և կա՛մ ուժային միջամտությամբ (կալանավորում, քրգործի հարուցում), կա՛մ վարչական ճնշմամբ, կա՛մ մանիպուլ յատիվ տարբերակով այնպես է արվում, որ անպայմանորեն նշանակվի, այո, հենց նշանակվի՛ քպական կամ Նիկոլ Փաշինյանին որպես կուռք պաշտելու ծիսաենթարկված որևէ մեկը: Ըստ որում, կարևոր չէ՝ ով: Այս դեպքում գործում է Նիկոլ Փաշինյանին հոգեհարազատ բանաձևը, այն է՝ «թեկուզ պոլի փետ լինի, բայց մերոնցից լինի»: Ու սա միայն ՏԻՄ-երում չէ, բոլոր ոլորտներում է այդպես, այդ թվում՝ կրթական:
Նույն Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ ընդդիմադիր էր աշխատում, նմանապես շատ էր սիրում տարբեր ամբիոններից խոսել բուհերը չքաղաքականացնելու անհրաժեշտության, բուհերի քաղաքականացման-կուսակցականացման անթույլատրելի լինելու մասին: Նկատենք, որ դա միանգամայն ընկալելի շեշտադրում էր: Հա, բայց իշխանությունը գրավելուց հետո նույն Նիկոլ Փաշինյանը անում է հենց այն, ինչի դեմ ժամանակին բոցաշունչ ելույթներ էր ունենում: Չէ, նույնը չէ, անհամեմատ ավելի ուժգին մոլեգնությամբ: Ասենք, ի՜նչ «բուհերի կուսակցականացում», եթե «նոր Հայաստանում» բանն արդեն մանկապարտեզներին է հասել: Ինչ-որ հիմնարկի ղեկավա՞ր ես ուզում դառնալ, պիտի պարտադիր քպացված լինես: Վերադառնանք բուհերին:
Օրինակ՝ իշխանության գալուն պես առաջին «գործերից» մեկը, որին ինտենսիվ ու հետևողականորեն կպան Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները, կհիշեք, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին հետապնդելն էր՝ այդ պաշտոնը զավթելու և յուրային մեկին նշանակելու նպատակով: Ի վերջո, հասան այն բանին, որ Արամ Սիմոնյանին եթե ուղիղ կերպով չսպանեցին էլ, ապա արագացրեցին նրա մահը: Եվ այդ գնով, ըստ էության, հասան իրենց բաղձալի նպատակին: Եթե գանք մեր օրեր, ապա կարելի է ուշադրություն դարձնել Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի «հետևից ընկնելու» բազմադրվագ պատմությանը, եթե չասվի՝ էպոպեային: Տևական ժամանակ է, ինչ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն «աչք է դրել» այս բուհի վրա:
Մե՛կ այն որոշեցին ոչնչացնել՝ միավորելով, օրինակ՝ ֆիզկուլտինստիտուտի հետ, մե՛կ բուհի ղեկավարության հետևից ընկան: Իրավիճակի ամբողջ հեգնանքն այն է, որ «բրյուսովցիները» որոշեցին պայքարել մինչև վերջ և չընկրկեցին: Նրանք երևի միամտաբար հավատացել էին, թե Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության պայմաններում Հայաստանը, ի՞նչ էին ասում, հա՛, «ժողովրդավարության բաստիոն» է, «ժողովրդավարության չեմպիոնների լիգայում է» կամ ժողովրդավարության չգիտեմ թե էլ ինչ է: Բայց հետաքրքիր պայքար էր, ուշադրություն գրավող: Չար լեզուներն անգամ ասում են, որ Փաշինյանի ԿԳ նախկին նախարարներից Դումանյանին պաշտոնանկ անելու հիմնական պատճառներից մեկն էլ դա էր:
Այսինքն, որ նախկին նախարարը չկարողացավ առանձին վերցրած մեկ բուհում ռեկտոր դնել հենց այն մարդուն, որին ցանկանում էին Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն: Իսկ Նիկոլ Փաշինյանի ԿԳ նոր նախարարը, ինչպես տեսնում ենք, բավականին ակտիվ էր լծվել այդ «գործին», չնայած, հանրագումարում նրա մոտ էլ չստացվեց: Եվ ահա, բուհն իր հիմնական անելիքի շավիղից շեղող երկար-բարակ տարուբերումներից հետո, ի վերջո, ռեկտորի ընտրություններ եղան: Ռեկտոր ընտրվեց կամ վերընտրվեց Կարինե Հարությունյանը: Նիկոլ Փաշինյանի թեկնածու Դավիթ Գյուրջինյանը չընտրվեց (4 ձայնի տարբերությամբ): Եվ ի՞նչ, Փաշինյանի իշխանությունն ընդունե՞ց իր պարտությունը: Այդ էր պակաս: Անմիջապես քրեական գործ հարուցեցին՝ հայտարարելով, թե ինչ-որ խուլիգանություն է եղել:
Արժե՞ ասել, որ դրանից քիչ անց հայտարարվեց, թե Դավիթ Գյուրջինյանը նշանակվո՛ւմ է նշված համալսարանի ռեկտորի պաշտոնակատար: Այսինքն, զոռբայության վրա է ամեն ինչ: Ի՞նչ կապ ունի, թե ով է ընտրվում, եթե նշանակվում է նա, որին ուզում է այդ պահին իշխանության գլխին գտնվողը: Հարց է ծագում. էլ ընտրություն-մընտրություն անելու իմաստը ո՞րն էր, ո՞ւմ խաբելը կամ մոլորեցնելը: Միանգամից թող իշխանությունն իր ուզած թեկնածուին նշանակեր, վերջանար-գնար:
Հաջորդ օրն էլ կարելի էր բուհի դասախոսական կազմին և ուսանողներին պարեկների ու ոստիկանական «կարմիր գլխարկների» մահակների հսկողության ներքո շարել և ստիպել, որ Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին հավատարմության երդում տան: Մի խոսքով, նապաստակի հայնրահայտ անեկդոտն է, այն, որ ասում է՝ ամեն ինչ նույնն է, միայն թղթատարությունն է ավելացել: Կարելի է հավելել, որ նաև կեղծավորությունն ու ձևականությունն են ավելացել: Հա, մեկ էլ՝ անչափելի զոռբայությունը: