Հասկանալի է, որ անիմաստ «100 փաստերով» այլևս հնարավոր չէ մոլորեցնել հանրությանը․ «Փաստ»
Ժամանակ կար, երբ Փաշինյանը առիթ էր փնտրում ասուլիս հրավիրելու և, այսպես կոչված, «100 փաստ» ներկայացնելու համար։ Սակայն կարևորը ոչ թե այդ «100 փաստն» էր, որտեղ երկրի կառավարման հետ կապ չունեցող կամ պարզապես սովորական իրադարձությունների արձանագրումներ կարող էին հայտնվել, այլ այն, որ Փաշինյանը դրա միջոցով ուզում էր ցույց տալ, թե նախ՝ իրենք իբր գործ են անում, և երկրորդ՝ թե ինքը հանրության հետ միշտ կապի մեջ է։ Բայց Արցախյան պատերազմից հետո ամեն ինչ փոխվեց, Փաշինյանի ասուլիսները դադարեցին։ Իսկ ավելի ճիշտ՝ Փաշինյանը մեկ-մեկ առցանց «ասուլիս» էր տալիս՝ պատասխանելով նախօրոք ընտրված հարցերին։
Դրանով նա փաստացի հրաժարվում էր հանրության հետ ուղիղ երկխոսությունից, խուսափում էր լրագրողների աչքերի մեջ ուղիղ նայել ու պատասխանել նրանց հարցերին։ Դե, հասկանալի է, իր բերած այսքան կորուստներից, փորձանքներից հետո ինչպե՞ս կարող էր առերեսվել իրեն ուղղված սուր հարցադրումներին։ Բացի դրանից, հասկանալի է, որ անիմաստ «100 փաստերով» այլևս հնարավոր չէ մոլորեցնել հանրությանը և ցույց տալ, թե ինչ բարեկեցիկ կյանքով է ապրում ժողովուրդը։ Եվ ահա, լրատվամիջոցների մեծ մասը բոյկոտեց Փաշինյանի առցանց «ասուլիսները»՝ հարցեր չուղարկելով, ոմանք՝ նույնիսկ չլուսաբանելով, որովհետև դրանք ոչ միայն խտրական էին ու ոչ արդյունավետ, այլև հակասում էին ժողովրդավարության առանցքային՝ թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին։
Բայց ահա վերջին կարճ ժամանակաշրջանում Փաշինյանն արդեն երկրորդ անգամ որոշեց ոչ թե առցանց պատասխանել հարցերին, այլ իրական ասուլիս հրավիրել ու պատասխանել լրագրողների հարցերին։ Ճիշտ է, ասուլիսի մասնակցության հրավեր ուղարկվել էր դարձյալ խտրականորեն, բայց ենթադրվում էր, թե նա իսկապես ասելիք կունենա։ Սակայն թե՛ նախորդ ասուլիսի ժամանակ, թե՛ նախօրեի՝ մոտ 5 ժամ տևած ասուլիսի, իսկ իրականում ժամավաճառության ընթացքում Փաշինյանը, պատասխանելով տասնյակ հարցերի (հատուկ պետք է շեշտել լրագրողների մեծ մասի սուր ու դիպուկ հարցերը), այդպես էլ ոչ մի նորություն չասաց։ Եվ, մեծ հաշվով, այն կարելի է անվանել ասուլիս ասուլիսի մասին, քանի որ կրկնում էր նախկինում իր կողմից արված հայտարարությունները, իսկ շատ դեպքերում, երբ հարցերն առավել սուր էին, խուսափողական ու ոչինչ չասող պատասխաններ տալիս։
Ընդ որում, նրա կողմից շարունակվում էր պատասխանատվությունից խուսափելու գործելակերպը։ Եթե ընդհանուր առմամբ բոլոր ձախողումների համար մի ժամանակ նա հիմնականում մեղադրում էր նախկիններին, ապա այս անգամ մեղավորների շարքը համալրեց փլուզվող աշխարհակարգը։ Խեղճ աշխարհակարգ: Պարզ է, որ ամեն ինչում նախկիններին մեղադրելու թեզն արդեն մաշվել է ու հավատ չի ընծայում, մնում էր մի նոր թեզ հորինել, որով հնարավոր կլինի մանիպուլացնել հանրությանը։ Այնինչ՝ միջազգային հարաբերություններում աշխարհակարգը միշտ էլ դինամիկ փոփոխությունների է ենթարկվում։ Սա նորություն չէ: Ցանկացած իշխանության խնդիրն է համապատասխան արձագանք տալ արտաքին փոփոխվող ազդակներին, այլ ոչ թե անգործության մատնվելով՝ սպասել, թե աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն ինչպես կարող են ազդել երկրի վրա, կամ երբ կարող են բարենպաստ պայմաններ ստեղծվել։
Սա՝ ընդհանուր առմամբ, բայց միայն ոչ Հայաստանի իշխանությունների պարագայում: Փաշինյանն այնպես էր խոսում արտաքին վտանգների մասին, Հայաստանի անվտանգային սպառնալիքների մասին, այնպես էր բողոքում ու հարցեր բարձրացնում, որ տպավորություն էր ստեղծվում, թե ընդդիմությունն է ասուլիս հրավիրել, այլ ոչ թե իշխանությունը գրաված ուժի ղեկավարը, որը «ՀՀ վարչապետ» գրառմամբ «կասկա» է կրում: Բացի այդ, Փաշինյանի ասուլիսում չարագուշակ նոտաներ կային, թեպետ ի սկզբանե շատերի համար էր պարզ, որ եթե նա ասուլիս է հրավիրում, ուրեմն նոր փորձանքներ են սպասվում։ Մի կողմից՝ նա հավանական էր համարում Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի նկատմամբ նոր լայնամասշտաբ ագրեսիայի հնարավորությունը, իսկ մյուս կողմից էլ հավաստիացնում, թե խաղաղության պայմանագրի կնքումը կարող է լինել շատ լավ նորություն։
Այլ կերպ ասած՝ Փաշինյանը հանրությանը քիչ-քիչ նախապատրաստում է նրան, որ ինքը շուտով նոր փաստաթուղթ է ստորագրելու, բայց որպեսզի այդ փաստաթուղթն ընկալելի լինի հասարակության կողմից, պետք էր ադրբեջանական հարձակման սպառնալիքի աստառի ներքո ներկայացնել որպես միակ ելք կամ փրկություն։ Իսկ թե կոնկրետ ինչ կետեր կունենա այդ փաստաթուղթը, այս պահին դժվար է ասել, սակայն, փորձագետների համոզմամբ, կասկած չկա, որ այն հակահայկական բովանդակություն է ունենալու կամ առնվազն մեր օգտին չի լինելու, քանզի Փաշինյանի տված պատասխաններից պարզ դարձավ, որ Ադրբեջանը ոչ միայն որևէ պայմանավորվածություն չի կատարում, այլև ՀՀ իշխանությունների հետ խոսում է միայն սպառնալիքի լեզվով։