Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունը Ադրբեջանի կողմից կարող է և պետք է հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հաագայի դատարանի որոշմանը, որով դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով:
«Սա չափազնց կարևոր որոշում է: Արդարադատության միջազգային դատարանն արձանագրեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից փակ է Լաչինի միջանցքը. սա կարող է մեր հանրությանը տարօրինակ արձանագրում թվալ այն իմաստով, որ Լաչինի միջանցքի փակ լինելն ակնհայտ է բոլորիս համար, բայց Ադրբեջանը բոլոր միջազգային ատյաններում պնդում էր, որ Լաչինի միջանցքը փակ չէ, ինչքան էին միջազգային հանրության ներկայացուցիչները հավատում՝ դա ուրիշ հարց է», – ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ սրանով արձանագրվեց միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու Ադրբեջանի գործելակերպն, ու դա արձանագրեց համաշխարհային բարձրագույն դատական ատյանը:
Երկրորդ կարևոր հանգամանքը, ըստ Փաշինյանի այն է, որ դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար՝ լուրջ չհամարելով միջանցքը «երկու ակտիվիստների» կողմից փակելու հանգամանքը ու հենց Ադրբեջանին պարտավորեցրեց բացել միջանցքը: