Ձերբակալել են Գրիգորի Խաչատուրովին․ 168.am
Նիկոլ Փաշինյանը շարունակում է իրականություն դարձնել իր գործընկեր Իլհամ Ալիևի երազանքը` նա ոչ միայն հետևողականորեն քանդում է բանակը, այլև մեկուսացնում լավագույն զինվորականներին:
168.am-ի տեղեկություններով` բանակի գեներալ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին ձերբակալել է ԱԱԾ քննչական դեպարտամենտը` դատարան կալանքի ներկայացնելու համար:
Փորձառու զինվորականը ձերբակալվել է օրեր առաջ Ազգային ժողովում ուսապարկ-ՔՊ-ականների և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից վատ բեմականացված ելույթների արդյունքում, երբ քննարկում էին Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանի վերաբերյալ դատախազի միջնորդությունը: Այդ քննարկումների նպատակը շատերի համար հասկանալի էր` թիրախում Գրիգորի Խաչատուրովն է:
ՔՊ-ականների կողմից Սեյրան Օհանյանին վերագրվող հանցանքում Զինված ուժերի ստեղծման և կայացման հիմքում կանգնած Յուրի և Գրիգորի Խաչատուրովների անունների շահարկումն, ի դեպ, պայմանավորված էր նրանով, որ 2018 թվականից ի վեր Յուրի և Գրիգորի Խաչատուրովներն իրենց քաղաքական դիրքորոշումը հստակ արտահայտել են երկրում ստեղծված իրավիճակի, Զինված ուժերում առկա տարբեր գործընթացների, բանակը նպատակադրված կազմաքանդելու, 44-օրյա պատերազմի պարտության և Նիկոլ Փաշինյանի դավաճանական գործողությունների վերաբերյալ։ Փաշինյանի մտասևեռումն արդեն իսկ ակնհայտ էր նաև այն բանից հետո, երբ 44-օրյա պատերազմից որոշ ժամանակ անց Գրիգորի Խաչատուրովը զինվորականների հետ միասին պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` փորձելով կասեցնել այս արհավիրքը։
Նշենք, որ գործը քննվելու է այս իշխանությունների կամակատար և ԲԴԽ-ի կողմից ստեղծված հակակոռուպցիոն դատարանում: