“Դուք միայն դժգոհում եք, հայե՛ր…” /ֆոտո, վիդեո/
Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ են կազմակերպվում: Երեկ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ևս մեկ անդամ դիտելու հեղինակ Լիանա Անթառանյանի “Վանա կատուն” ներկայացումը:
Նշենք, որ այն նվիրում է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: Ներկայացման գլխավոր դերակատարը Կարեն Ջանիբեկյանն է, բացի նրանից, ներգրավված են նաև Սունդուկյանի թատրոնի տասը դերասաններ, ինչպես նաև երկու երեխա:
Ներկայացման մեջ ոչ միայն նկարագրվում է 1915 թվականի արյունոտ իրադարձությունները, այլև հայ ժողովրդի ապրումները, ցավը, կորստի հետևանքները, Եղեռն տեսած ժողովրդի ճակատագիրը, երբ շատերը այժմ բնակվում են արտասահմանում, հեռվից են սիրում հայրենիքը: Ցուցադրված է, թե ինչ է մտածում մայր Հայաստանը, ինչ ցավեր ունի Վանա կատուն:
Դրամայում Վանա կատուն սպասում է իր տերերի վերադարձին` անհանգստանալով, որ նրանք ուշանում են: Գործողությունները ծավալվում են Վանա լճի կղզում, Սուրբ Խաչ եկեղեցու բակում: Անմասն չեն մնացել նաև հայ ժողովրդի այսօրվա խնդիրները:
Թուրքի կերպարի միջոցով ցուցադրվում է, որ մենք՝ հայերս, միասնական չենք լինում շատ հաճախ, և թշնամին ասում է. ՛՛Դուք սիրում եք իրար, չէ, դուք միայն սիրում եք դժգոհել բախտից: Ձեր դժբախտությունը ձեր մեջ փնտրեք՛՛: Նաև այսօր հայ ժողովրդի մեջ եղած կարծրատիպերին է անդրադարձ կատարվում:
Արդյունքում ներկայացվում է՝ թուրքը մնում է թուրք, իսկ վերջում բեմադրիչը հետաքրքիր լուծում է մտածել՝ բեմում հայտնվում է Արցախի կերպարը, միավորվում Մայր Հայաստանի, ազատամարտիկների, երիտասարդների հետ: Դահլիճում էլ հանդիսատեսը հոտնկայս ծափահարում էր ու ծածանում հայոց դրոշը:
Դիտեք նաև դրվագներ ներկայացումից: