22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի նոր հրահանգը

Նիկոլ Փաշինյանի գործողություններում տրամաբանություն փնտրելը, իհարկե, անհույս ու դատապարտված զբաղմունք է։

Նրա համար սովորական է դարձել միևնույն ելույթի մի հատվածում հայտարարել մի բան, հաջորդ պարբերությունում՝ խոսել դրա ճիշտ հակառակի մասին։

Այսօր էլ Կառավարության նիստում ունեցած ելույթի սկզբնական հատվածում նա խոսել է Լաչինի միջանցքի փակման արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամի, Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի (որին ինքը միայն «Արցախի հայություն» է անվանում) նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության, Ադրբեջանի կողմից տարածաշրջանում նոր պատերազմի պատրաստվելու մասին։
Նրա ելույթի այդ հատվածից հետո միակ ողջամիտ ակնկալիքն այն է, որ նման իրավիճակում երկրի ղեկավարը պետք է խոսի բոլոր հնարավոր միջոցներով Լաչինի միջանցքը ժամ առաջ բացելու անհրաժեշտության և իր իսկ կողմից որպես իրական սպառնալիք ներկայացվող պատերազմին բոլոր հնարավոր միջոցներով պատրաստվելու մասին։ Բայց դա նորմալ ակնկալիք է նորմալ ղեկավարի, և ոչ երբեք՝ Նիկոլ Փաշինյանի պարագայում։

Որովհետև նա ելույթի սկզբում հայտարարելով այդ ամենը՝ որպես Լաչինի միջանցքի բացմանն ուղղված անելիք, խոսում է միայն «միջազգային հանրության միջոցով Ադրբեջանի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու մասին», ինչից կարելի է ենթադրել, որ եթե միջազգային հանրությունն իր քաղաքական շահերից ելնելով ոչինչ չի անում Արցախի կյանքի ճանապարհը բացելու համար (իսկ միջազգային հանրությունը հենց այդպես էլ վարվում է), Հայաստանը որևէ այլ գործնական անելիք չունի։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից տարածաշրջանում նոր պատերազմի պատրաստվելուն, ապա այս հարցում Նիկոլ Փաշինյանը գերազանցում է ալոգիզմի բոլոր ռեկորդները և խոսում է ոչ թե պատերազմին պատրաստվելու մասին (ինչպես կվարվի ցանկացած երկրի ցանկացած նորմալ ղեկավար), այլ կրկնում է «խաղաղության օրակարգից» չշեղվելու վերաբերյալ իր մանտրան։

Ընդ որում, նրան ակնհայտորեն դուր չի եկել, որ Լաչինի միջանցքի փակումից հետո Հայաստանից հնչել են հակաադրբեջանական հայտարարություններ։

Ըստ ամենայնի, այդպիսի փորձեր եղել են նաև ինչ-ինչ պաշտոնյաների կողմից (հնարավոր է՝ նա ակնարկում է արտգործնախարար Արարատ Միրզոյանին), որոնք Նիկոլ Փաշինյանին զայրացրել են։

Իհարկե, գուցե դրանք զայրացրել են Ալիևին, որը Փաշինյանի միջոցով այդ զայրույթը փոխանցում է «հայ գործընկերներին»։ Այլ կերպ դժվար է գնահատել իրողությունը, երբ մի երկրի նկատմամբ, որը, ըստ մյուսի ղեկավարի գնահատման՝ էթնիկ զտում է իրականացնում և պատերազմ է նախապատրաստում, կոչ է արվում զսպվածություն ցուցաբերել։

«…պետք է ընդգծեմ այս իրավիճակի շուրջ զսպվածության անհրաժեշտությունը, և խաղաղության օրակարգին հակասող բառապաշարի ու գործողությունների բացառումը, առավել ևս՝ պետական իշխանության ներկայացուցիչների կողմից: Մենք շարունակում ենք հետևողական լինել խաղաղության օրակարգի առաջմղման մեր ջանքերում, և որևէ սադրանքով մեզ հնարավոր չպետք է լինի շեղել այս օրակարգից»,- ասում է Նիկոլ Փաշինյանը՝ այսպիսով ըստ էության իր իշխանության ներկայացուցիչներին հրահանգելով ոչ թե քննադատել, այլ քծնել Ալիևին…։

Նիկոլ Փաշինյանը ելույթի սկզբում հայտարարում է, որ Ադրբեջանը պատրաստվում է տարածաշրջանային պատերազմի, ելույթի վերջում ասում է. «Մենք շարունակում ենք հետևողական լինել խաղաղության օրակարգի առաջմղման մեր ջանքերում, և որևէ սադրանքով մեզ հնարավոր չպետք է լինի շեղել այս օրակարգից»։

Այսինքն՝ եթե նույնիսկ վաղը Ադրբեջանն իրականացնի իր պատերազմական սպառնալիքը, Նիկոլ Փաշինյանը շարունակելու է հայտարարել, որ «որևէ սադրանքով հնարավոր չէ մեզ շեղել մեր օրակարգից»։
Հետաքրքիր է, ինչպես կվերաբերվեն մարդիկ մեկին, ով հայտարարում է, որ հարևանը պատրաստվում է հարձակվել իր տան վրա, և հաջորդ պահին տան անդամներին հրահանգում է տոնական պատրաստություն տեսնել՝ հարևանին դիմավորելու համար։

Լավագույն դեպքում նման մեկը կհայտնվի հոգեբուժարանում, ավելի հավանական է, որ այդպիսի անհեթեթությունից հետո նրան անգամ բարևողներ չլինեն։

Միանգամայն նույնական այս իրավիճակում, սակայն, ՀՀ կառավարության անդամները ոչ միայն մոտակա հոգեբուժարան չեն զանգահարում, այլև դեմքի բթամիտ արտահայտությամբ լսում են այդ ցնդաբանությունը՝ երևի մտքում պատրաստելով Ալիևի հասցեին «զսպվածություն ցուցաբերելու» հրահանգի կատարման սեփական տեքստերը։

Հարություն Ավետիսյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ