Քրեական օրենսգրքում նոր փոփոխություն է հասունանում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քրեական օրենսգրքում նոր փոփոխություն է հասունանում՝ պատժի սահմանում բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր որևէ վայրում կհանդիպեն Նիկոլի ընտանիքի անդամներին։
Առավել խիստ պատիժ կսահմանվի նրանց նկատմամբ, ովքեր կհամարձակվեն նայել նրանց կողմ։
Առաջին հայացքից աբսուրդ թվացող «փոփոխության» մասին չէի գրի, եթե նիկոլական բանդիտական խմբերը, Նիկոլի ընտանիքի անդամին պատահաբար հանդիպելուց հետո, ՀՀԿ մեր ընկերներին՝ Միքայել Գրիգորյան -ին ու Վլադ Մանուկյանին, չհետապնդեին, Վլադին գետնին չպարկեցնեին, ապօրինի ոստիկանություն չտանեին, հետը անբովանդակ զրույցներ չվարեին։
Այն, որ ոստիկանության պետն ու նրա առանձին ներկայացուցիչներ պատրաստ են հանուն Նիկոլի օրենքի ու օրինականության վրայով քայլել, դա ոչ միայն չէի կասկածում, այլ այս 4-4.5 տարիների ընթացքում բազմիցս տեսել ու համոզվել էի, դա չի խնդիրը։
Բայց միշտ միամտորեն հավատացել եմ, այսօր էլ հավատում եմ, որ կա մի սահման, որից այն կողմ ոստիկանության ծառայողը կհրաժարվի ակնհայտ ապօրինի ու անպատվաբեր դերի մեջ մտնելուց։
Այդպիսիք եղել են, շատերն այլևս իրավապահ համակարգում չեն, համոզված եմ, որ այդպիսիք դեռ կան համակարգում ու որևէ պարագայում իշխանական քմահաճույքներին չեն տրվի։
Ոստիկանապետին ասելիք բնականաբար չունեմ, ինքն այդ դերում արդեն իր ախտորոշումը տվել է, բայց հույս ունեմ, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, յուրաքանչյուր անգամ, երբ նման հրաման կստանան, դա կատարելուց առաջ կհիշեն, որ համազգեստ հագնելուց, ուսադիր կրելուց և իրենց իսկ պատվին ու արժանապատվությանը դեմ գնացող հրաման կատարելիս, հրաժեշտ են տալիս մարդկային կերպարին, հարգանքին, տղամարդկությանը և ծառայություն մատուցում հայրենիք հանձնածների ու պետականություն քանդողների անձնական ցանկություններին»։