“Ցանկացած ըմբոստացող կարող է ընկնել այդ նույն օրը”

ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հակված չէ Բերձորի դեպքերի մասին երկար խոսելու, սակայն չի կարող չնշել, որ դատապարտում է տեղի ունեցածը, քանի որ բռնություն է կիրառվել Արցախի հերոսների նկատմամբ.
’’Սակայն քանի որ Ղարաբաղի հարցը դեռևս լուծված չէ, հասկանալի պատճառներով մենք պետք է ԼՂՀ-ը զերծ պահենք այնպիսի իրավիճակներից, ինչպիսին նախաձեռնել էին երթի մասնակիցները: Ես դա չեմ կարող ողջունել’’ :
Բոստանջյանը նկատում է, որ տեղի է ունեցել ցավալի դեպք, որի մեղավորները անշուշտ պատժվելու են:
’’Սակայն ես չեմ ուզում երկու օր առաջ առևանգված և ծեծի ենթարկված Արտակ Խաչատրյանի հետ կատարված միջադեպը տեսնել նույն շղթայի մեջ’’,-ասաց Բոստանջյանը:
Նախկին պատգամավորի դիտարկմամբ` Արտակ Խաչատրյանի հետ կատարվածը չի կարող պատահականություն լինել, քանի որ օրը ցերեկով առանց լուրջ հովանավորների ոչ ոք չէր կարող մարդ առևանգել.
’’ ’’Բարգավաճ Հայաստան’’-ի ակտիվիստի վերաբերյալ նման մոտեցումը շատ ողորմելի ձև է ու ուժեղի կողմից շատ էժանագին մոտեցում է: Սա ցույց է տալիս, որ ցանկացած ըմբոստացող կարող է ընկնել այդ նույն օրը: Էտ անողները գելի սիրտ կերած չէին: Պարզապես նրանք ունեին ինչ-որ տեղից ընդգծված հովանավորություն’’,-հավելեց Բոստանջյանը: