Աստվածային հրաշքով փրկվեց

2006 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած սարսափելի ավտովթարից հետո հրաշքով կենդանի մնաց միայն նա՝ Նարինեն: Սակայն Նարինեն շարունակում է հոգեպես և ֆիզիկապես զգալ դաժան ավտովթարի հետքերը: Աշխարհում նրա մասին իմացան, որպես ՛՛Աստվածային հրաշքով փրկված հրեշտակի՛՛:
Նարինեի հավատը, սակայն ամուր է: Նա վստահ է, որ ինքը մի օր բոլորի նման ամուր կկանգնի հողին և կքայլի առաջվա նման:
Արդեն 8 տարի նա իր հավատն է փոխանցում բոլոր նրանց, ովքեր տառապում են նրան սայլակի վրա տեսնելիս: Նարինեն ապրում է հեռավոր ԱՄՆ-ում, սակայն միշտ հետաքրքրվում է իր հայրենիքով:
Օրերս նրան այցելեցին “ARMENIAN BRIGADE” բարեգործական ակումբի անդամները:
՛՛Մենք “ARMENIAN BRIGADE” ակումբով այցելեցինք մեր հային, խոստանալով որ կշարունակվի մեր այցը միշտ, և մեր եղբայրական սերը դեպի Նարինեն անբացատրելի ոգևորություն ստեղծեց, թե մեր, թե Նարինեի սրտերում: Ասեմ, որ տղաները այնքան էին ոգևորվել, երբ հրեշտակը ստիպեց մեզ և իր հայրիկին՝ օգնել իրեն նստելու մոտոցիկլետի վրա՛՛,-մեզ հետ զրույցում պատմեց հայկական մոտոցիկլետիստների ակումբի հիմնադիր անդամ Հարութ Բոգարյանը:
՛՛Նարինեն նայեց մեզ ու ասաց. “Ես շուտով կքայլեմ եւ ձեզ հետ մոտո եմ նստելու, խոստանում եմ”:
Հիշեցնենք՝ Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ ակումբի անդամները Հայաստան կգան մոտոցիկլետներով: Նրանց առաքելության մեխային կետը այն է, որ յուրաքանչյուր երկրով անցնելիս, իրենց պաստառներով և այլ միջոցներով նրանք կիրազեկեն ցեղասպանության մասին: Ինչպես հավաստեց “Հայկական մոտոցիկլետի ակումբի ” հիմնադիր անդամ Հարութ Բոգարյանը շնորհակալություն կհայտնեն այն ազգերին, ովքեր ճանաչել են ցեղասպանությունը և խնդրանք իրազեկող ակցիաներ կանեն այն եկրներում, ովքեր դեռ չեն ճանաչել:
Ակցիաներ կանցկացվեն նաև թուրքական դեսպանատների առջև: Նախաձեռնության անդամները առայժմ չեն ցանկանում խոսել ճանապարհային քարտեզի ու երթուղու մասին: Սա ակցիան չխոչընդոտելու նպատակ է հետապնդում:
Նրանք ապրիլի 24-ին մոտոցիկլետներով կմտնեն Եղեռնի հուշահամալիր:
“Մեր խնդրանքը հարգելի ընթերցող այն է, որ աղոթենք նաև Նարինե Բաղդասարյանի համար և ցանկանանք շուտափույթ ապաքինում՛՛,-հավելեց Բոգարյանը: