Ինչ են պատմում Նոր Նորքում նռնակի պայթյունից տուժածի հարազատներն ու հարևանները. նոր մանրամասներ /ֆոտո, վիդեո/ armlur.am
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Նոր Նորքի իններորդ զանգվածում 52-ամյա Մելիք Գալստյանը բնակարանում նռնակ է պայթեցրել, ինչի հետևանքով նրա քենու 4-ամյա թոռը`Էլեն Դալլաքյանը, և կինը՝ 46-ամյա Անահիտ Խաչատրյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Դեպքի վայր ժամանած Armlur.am-ի թղթակցի հետ զրույցում տուժած երեխայի պապիկը հայտնել է, որ Անահիտ Խաչատրյանն իր թոռան դայակն է, և տանը եղել են Անահիտը և թոռը: Ավելի ուշ տուն է գնացել Անահիտի ամուսինը՝ Մելիք Գալստյանը, և հյուրասենյակում պայթեցրել նռնակը: «Հարևանների հետ խոսեցի, ասում են աղմուկ, վիճաբանության ձայներ են լսել, բայց հիվանդանոց տեղափոխելիս էրեխու ձայնը չի լսվել: Բժիշկներն ասում են՝ կյանքին վտանգ չի սպառնում, բայց վիճակները ծանր է: Ո՞վ իմանա՝ ինչու այսպիսի բան պատահեց: Նախկինում սիրով են եղել, երկու տղա ունեն՝ բանակ գնացած եկած: Փորձանք էր էլի»,- ասել է նա:
Իսկ հարևանները նշել են, որ նախկինում ևս Անահիտի ամուսինը մշտապես եկել է այդ բնակարան, կնոջը տուն է տարել, բայց վիճաբանություններ չեն եղել: Հարևանների խոսքով՝ Մելիք Գալստյանին երբևէ ալկոհոլի ազդեցության տակ չեն տեսել. նա մշտապես սթափ է եղել: