«Երբ դուք հանկարծ մեր ժամանակն ունենաք, մենք կարող ենք այլևս չլինել այստեղ»․ Արմեն Աշոտյանը հայտարարեց՝ պաշտոնական Մոսկվան պիտի կայացնի քաղաքական որոշում
Ես չեմ ամաչում շնորհակալություն հայտնել ռուս խաղաղապահներին, Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեությանը։
Միևնույն ժամանակ Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև Ռուսաստանի Դաշնությունից և Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմից ակնկալիքներին՝ նշելով ավելի կտրուկ գործողությունների անցնելու անհրաժեշտությունը։
«Ես գիտեմ, որ ավելի կտրուկ գործողությունների կարիք կա և այդ գործողությունների համար քաղաքական որոշման կարիք կա։ Պաշտոնական Մոսկվան պիտի կայացնի այդպիսի քաղաքական որոշում»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։
Իր խոսքն Արմեն Աշոտյանը շարունակեց ռուսերեն՝ ռուսալեզու ԶԼՄ-ների և ռուսական լսարանի համար։
«Հարգելի՛ ռուսաստանցիներ, մենք հասկանում ենք, որ հիմա դուք մեր ժամանակը չունեք։
Դուք այդ մասին մեզ ասում եք, ակնարկում եք։ Դուք զբաղված եք, մենք հասկանում ենք, բայց դուք էլ մեզ հասկացեք, որովհետև երբ դուք հանկարծ մեր ժամանակն ունենաք, մենք կարող ենք այլևս չլինել այստեղ։ Մտածեք նրա մասին, ինչը ես ասացի ձեզ»,- շեշտեց ՀՀԿ փոխնախագահը։