26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իշխանությունն ամեն օր ճնշումներ է գործադրում. մանդատները վայր դրած պատգամավորների քաղաքական հայացքներում ոչինչ չի փոխվել. Արծվիկ Մինասյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը վստահեցնում է՝ մանդատները վայր դրած պատգամավորների քաղաքական հայացքներում ոչինչ չի փոխվել։

«Ո՛չ «Վերածնվող Հայաստանն» է իր տված գնահատականներն այս իշխանությունների նկատմամբ փոխել, ո՛չ ՀՅԴ-ն, ո՛չ էլ, առհասարակ, «Հայաստան» խմբակցությունը», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Մինասյանը։

Ըստ նրա՝ Արամ Վարդևանյանը մանդատը վայր դրեց, քանի որ տեսնում էր, որ փաստաբանական գործունեությամբ կարող է ավելի շատ օգտակար դեր խաղալ։

«Միշտ էլ հնարավոր է գտնել պատճառներ, այո՛, մեզ դեռ չի հաջողվել այն հիմնական նպատակադրումները, որ դրել էինք մեր առաջ, իրականացնել, բայց արդյո՞ք որոշակի արդյունքներ մենք չունենք, սա, խնդրում եմ, չանտեսենք։ Մենք ունեցել ենք արդյունքներ. այս իշխանությունը չի կարողացել իրականացնել թուրք-ադրբեջանական ծրագրերը», – ասաց Մինասյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ իշխանությունն ամեն օր ճնշումներ է գործադրում ընդդիմադիրների վրա թե՛ ապօրինի գործողություններով, թե՛ կեղծ լուրեր տարածելով։

Նա վստահեցրեց, որ իրենց պայքարը շարունակվելու է։

«Ես լիահույս եմ, որ մեր պայքարող կազմը երբեք ու որևէ պայմաններում ճնշումներին չի ենթարկվելու», – նշեց Մինասյանը։

Հիշեցնենք՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։

Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրելիրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:

Զեմֆիրա Միրզոևան, ով ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացնում է Հայաստանի ասորական համայնքն ու խորհրդարան է անցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների «Հայաստան» դաշինքի համապետական ցուցակի երկրորդ մասով ազգային փոքրամասնությունների համար նախատեսված քվոտայով, կշարունակի պատգամավորական գործունեությունը՝ սեփական դիմումի համաձայն ժամանակավորապես սառեցնելով կուսակցությանն իր անդամությունը։

Ավելի վաղ «Հայաստան» խմբակցությունից մանդատնեը վայր էին դրել Արամ Վարդևանյանն ու Արթուր Ղազինյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ