Հայաստանի այսօրվա ղեկավարությունը Ռուսաստանի գործընկերը չէ, այլ՝ հաճախորդը. Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը ոչ արդյունավետ է համարում խաղաղության դարաշրջանի շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունները:
«Ես չեմ տեսնում, որ այդ գործընթացն արդյունավետ է: Չի կարող այս գործընթացն արդյունավետ լինել: Ես հասկանում եմ, որ կողմերն ուզում են լսել՝ ինչ կառաջարկի ԵՄ-ն, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, որպեսզի կորզեն իրենց համար ամենաշահավետ սկզբունքները», – լրագրողների հետ զրույցում ասաց Գասպարյանը:
Նրա խոսքով՝ խաղաղության օրակարգը չի կարող որևէ դրական արդյունք տալ:
Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդականը հայտարարեց, թե այսօրվա իշխանությունը Ռուսաստանի գործընկերը չէ:
«Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի գործընկերը չէ, այլ՝ հաճախորդը: Երբ որ մեկ փոքր պետություն դառնում է մեկ այլ պետության հաճախորդը, այդ հարաբերությունների մեջ գոյություն ունի հիերարխիա ու մեծ պետության որոշ շահեր կարող է սպասարկել: Դժբախտաբար, այսօր Հայաստանի ղեկավարությունը Կրեմլի գործընկերը չէ, այլ՝ հաճախորդը, կարծում եմ՝ սա լուրջ խնդիր է հայ-ռուսական հարաբերություններում», – ընդգծեց Գասպարյանը: