24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչի՞ մասին է Խաչատուր Սուքիասյանի շուրջ աղմուկը. 168 Ժամ

Օրերս Hetq.am-ը տեղեկացրեց, որ Գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկում է Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը։

Դատախազությունը վարչական դատարանից պահանջում է զրկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանին և ընտանիքի անդամներին պատկանող ընկերության՝ «Սիլ պլազայի» նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից։ Վարչական դատարանն արգելանք է դրել «Սիլ պլազայի» վրա։

Տեղի ունեցող իրավական գործընթացի համար հիմք է հանդիսացել «Հետքի» նախորդ տարի հրապարակած հետաքննությունը, որտեղ մանրամասներ են ներկայացրել «Սիլ պլազայի» սեփականաշնորհման պատմությունից, որը տեղի էր ունեցել 25 տարի առաջ։

«Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ «$ 5655․ սեփականաշնորհում՝ «ջրի գնով» վերտառությամբ հրապարակման առնչությամբ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրության արդյունքում հոկտեմբերի 28-ին հայց է հարուցվել վարչական դատարան։ Գլխավոր դատախազությունը դատարանից պահանջում է՝ «Երքաղխորհրդի գործկոմի և «Աստղիկ-1» կոոպերատիվի միջև Երևան քաղաքի Արամի փողոց 3 և 5 հասցեների անշարժ գույքի օտարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչել և որպես հետևանք իրավունքի պետական գրանցումները անվավեր ճանաչել»։

Դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության համաձայն, վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը, ստանալով Դատախազության հայցադիմումը, որոշել է այն վարույթ ընդունել, բավարարել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը և նախնական դատական նիստ հրավիրել։

Այդպիսով արգելանք է դրվել սեփականության իրավունքով «Գռզո պլազա» ՍՊԸ-ին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի շենքի վրա, որ այն հնարավոր չլինի օտարել մինչև վերջնական դատական ակտի կայացումը։ Կադաստրի կոմիտեն սույն գործով պատասխանողն է, իսկ «Գռզո պլազա» ՍՊԸ-ն ներգրավվել է որպես 3-րդ անձ։ Այս գործով առաջին դատական նիստը տեղի կունենա 2023թ․-ի փետրվարի 16-ին։

Նշենք նաև, որ Գլխավոր դատախազությունը վարչական հայց հարուցելուց բացի, քրեական գործ հարուցելու մասին է հայտնել «Հետքին»։

Փաստացի վիճահարույց է համարվում Արամի 3 հասցեի շենքը Սուքիասյանների ընտանիքին ընդամենը 5655 դոլարով օտարելու որոշումը:

Հրապարակումից հետո սրա մասին շատ խոսվեց. Խոսեցին բոլորը՝ դիմություն և ընդդիմություն, ինքը՝ Խաչատուր Սուքիասյանն ու նրա խոսնակը: Վերջիններիս խոսքի մեխն այն էր, որ այդտեղ եղել է ոչ ավելին, քան 4 մետրանոց մի պատ:

«Եղել է մի պատ՝ մոտ 4 մետր բարձրությամբ, հետո այն բարձրացվել է, բակում եղել են տարբեր փոքրիկ տներ, որոնք քանդվել են։ Մի պատ է եղել, մնացածը տանջանքով, չարչարանքով կառուցել ենք ու բացումը եղել է 1998 թ.-ին։  Սկզբնական շրջանում այնտեղ կետ կար, որտեղ պետք է լիներ պատկերասրահ, բայց այն չի արդարացրել իրեն։ Շատ ուրախ եմ, թող պատկան մարմինները այդ հատվածը ուսումնասիրեն,  հասկանան։ Ես գիտեմ մեր համակարգը ինչպիսին է, ես պատասխան եմ տալիս իմ բոլոր գործողությունների համար։ Հնարավոր է՝ ինչ-որ թյուրիմացություն, շփոթմունք եղած լինի, բայց մենք օրենք չենք խախտում, դա մեր ընտանիքում ի սկզբանե դրված է եղել։ «Սիլ պլազան» կառուցվել է մի քանի տարի, տասնյակ միլիոններ են ծախսվել դրա վրա, հիմա մարդիկ դնում են այդ նկարները՝ ասում՝ 5000 դոլարով է վաճառվել, դա ինչ անելու բան է, ձեռք է բերվել մի պատ, որի արդյունքում 5 ընտանիքի տրվել է 5  բնակարան, ի՞նչ կապ ունեն այդ պատը և «Սիլ պլազան»»,- ասել էր Խաչատուր Սուքիասյանը Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

«Քաղաքացիական պայմանագիր» կառավարող խմբակցության մեջ, սակայն, այս աղմուկի պատճառների վերաբերյալ կարծիքները կիսվում են:

168.am–ի տեղեկություններով՝ մի մասը կարծում է, որ Խաչատուր Սուքիասյանին պատժում է Նիկոլ Փաշինյանը՝ վերջինիս՝ իրեն ամենազոր զգալու ու նրա  քաղաքական լրջագույն ամբիցիաներն արմատախիլ անելու համար:

Առավել տեղեկացվածները, սակայն, պնդում են՝ այս գործն ինչպես բացվել է, այնպես էլ կփակվի, որովհետև այս կերպ պարզապես իշխանություններն առհավետ ուզում են փակել «Սիլ Պլազա» դարձած Արամի փողոցի 3 և 5 հասցեների կոպեկներով սեփականաշնորհման հարցը:

Մի բան ակնհայտ է. Գլխավոր դատախազությունն այս թեման շրջանառության մեջ է դրել ոչ առանց Նիկոլ Փաշինյանի գիտության ու համաձայնության, որովհետև տասնյակ հրապարակումներ, որոնց մեջ ոչ պակաս աղաղակող փաստեր են ներկայացվում, այդպես էլ մնում են անտեսված:

Իսկ թե իրականում որտե՞ղ է այս պատմության մեջ թաքնված շան գլուխը, պարզ կլինի հետագա գործընթացներից, իսկ մինչ այդ Խաչատուր Սուքիասյանը դատարանում ևս մեկ անգամ ստիպված կլինի վերհիշել իր ասածներն Ազգային ժողովում ու հորինել հերթական «կրուտիտը», ինչպես որ անում էր Սերժ Սարգսյանին զրպարտելու համար հարուցված քրեական գործի դատաքննության ընթացքում փաստաբանի միջոցով:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ