22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԱԺ ղեկավարությունը պարտավոր է կատարվածը քննել էթիկայի հանձնաժողովում և պարտավորեցնել Խաչատուր Սուքիասյանին ներողություն խնդրել լրագրողից և լրատվամիջոցից. ՀԺՄ

Նոյեմբերի 7-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցի ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ ի պատասխան «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրող Արփի Սուքիասյանի՝ ամբողջությամբ մասնագիտական էթիկայի և բարեվարքության կանոնների մեջ տեղավորվող հարցադրման, խախտել է պատգամավորի, քաղաքական գործչի տարրական վարքականոնը և գռեհիկ ձևով վիրավորել է լրագրողին։ Իրեն ուղղված հոդաբաշխ հարցին պատասխանելու փոխարեն, պատգամավորը՝ ձայնը բարձրացնելով, բղավոցներով, սկսել է խոսել լրագրողի ներկայացրած հեռուստաընկերության սեփականատիրոջ, նրա եկամուտների, այլ՝ հարցի հետ որևէ կապ չունեցող երևույթների մասին։

«5-րդ ալիք» հեռուստաընկերությունն արդեն իսկ հայտարարել է, որ Խ․ Սուքիասյանի՝ զրպարտող և սուտ մատնություն պարունակող հայտարարություններին իրավական ընթացք է տրվելու։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Ազգային ժողովի պատգամավորի կողմից լրագրողի նկատմամբ նման բռի վերաբերմունքը և պահանջում է Խաչատուր Սուքիասյանի քաղաքական ղեկավարությունից՝ ի դեմս ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և ԱԺ ղեկավարության, կարգի հրավիրել պատգամավորին։ Ազգային ժողովի ղեկավարությունը պարտավոր է կատարվածը քննել էթիկայի հանձնաժողովում և պարտավորեցնել Խաչատուր Սուքիասյանին ներողություն խնդրել լրագրողից և լրատվամիջոցից։

Վերջինիս ներկայացրած հեռուստաընկերության և պատգամավորի հարաբերությունները կարող են պարզվել դատական կարգով։

Այդ իրավական ընթացքը, սակայն, կապ չունի պատգամավորի հակաէթիկական վարքագծի հետ, որը պետք է քննվի և համարժեք գնահատականի արժանանա միանգամայն այլ տիրույթում՝ կանխելով ապագայում Ազգային ժողովի պատգամավորների կողմից լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ նման սանձարձակ պահվածքի կրկնությունը։ Ազգային ժողովի որևէ պատգամավոր, այդ թվում՝ Խաչատուր Սուքիասյանը, կարող է ունենալ իր կարծիքը, համակրանքը կամ հակակրանքը որևէ քաղաքական գործչի, կուսակցության կամ խմբավորման վերաբերյալ, կարող է տարված լինել իրական կամ երևակայական դատողություններով։ Բայց դա նրան, ինչպես և որևէ այլ շարքային պատգամավորի, իրավունք չի տալիս լրագրողների հետ հարցուպատասխանը վերածել փողոցային լեզվակռվի։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը՝ անթույլատրելի համարելով պատգամավորի նման վարքագիծը, միևնույն ժամանակ կոչ է անում հատկապես խորհրդարանում աշխատող բոլոր լրագրողներին՝ անկախ իրենց ներկայացրած լրատվամիջոցների քաղաքական նախընտրություններից, տարաձայնություններից կամ հակասություններից, լինել միասնական և ցուցաբերել գործընկերային համերաշխություն՝ թույլ չտալով որևէ պատգամավորի, կրկին անկախ քաղաքական պատկանելությունից, լրագրողների հետ հարաբերություններում անցնել բարեվարքության սահմանները։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ