«Արցախը երբեք չի լինելու թշնամական տերությունների կազմում՝ ոգին հաղթելու է դուխին». Բագրատ սրբազան
Դիմադրության շարժման հրավիրած այսօրվա միասնության հանրահավաքը՝ հանուն Արցախի, մեկնարկեց Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի Տերունական աղոթքով։
Այնուհետև նա հարթակից փոխանցեց Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության ու ողջույնի խոսքը։
Խոսքս ուզում եմ սկսել Տավուշ աշխարհի Այգեհովիտ՝ Կայանավան գյուղից 10-ամյա սքանչելի մանկան՝ Յուրայի արցունքախառը խոսքերով, երբ Կայանավան գյուղի դպրոցում մեր երեխաները՝ 9, 10, 11 տարեկան երեխաները նշում էին պատերազմից հետո մեր սիրելի եղբայրներին ու զավակներին նվիրված միջոցառմամբ։ Բոլոր երեխաները լացում էին, արցունքի մեջ, աղեկտուր, ես մտածում էի որ պատերազմը գուցե իրենց կողքով անցել է՝ սխալվել էի։ Երբ մեր փոքրիկին հարցրեցի՝ ինչո՞ւ ես լացում, Յուրա, ասաց՝ ես ուզում եմ, որ մեր տղերքն իմանան, որ մենք իրենց հետ նույնն ենք, կիմանան, չէ՞, մեր տղերքը։ Սա մեր նույնության պատմությունն է, մեր սիրելի հայրերի, զավակների, քույրերի, մայրերի, ովքեր իրենց կյանքը ընծայել են մեր հաղթանակների համար»,- հանրահավաքում հնչեցրած իր ելույթում նշեց Բագրատ սրբազանը։
Շարունակելով, սրաբազանն ասաց, որ այսօր ապրում են այնպիսի ժամանակահատվածում, երբ ամենաորոշակի երևույթը՝ անորոշությունն է, երբ դրսից խոսում են սպառնալիքի ու ծաղրի լեզով, իսկ ներսից՝ տագնապի, հուսահատության ու վախի լեզվով։
«Մենք պիտի գործենք, գործենք առանց հոգնելու, գործենք ամենուր, ամեն ժամ՝ առանց թշնամության և ատելության, առանց գաղափարական ու քաղաքական տարբերությունների, առանց վախի ու կասկածի, առանց ակնկալելու այս կամ այն ուժային կենտրոնների բարեհաճությունը, այլ գործենք՝ որպես մոռացված ազգ, ինչպես շատ դիպուկ բնորոշել են մեզ Ցեղասպանության օրերին և դրանից հետո։ Մեր հույսը մեր Աստծու և մեր սեփական ներուժի և բազկի վրա, ոչ թե մուրացիկ հարաբերությամբ աշխարհի հետ, այլ սեփական օրակարգով, արժանապատիվ կեցվածքով: Մենք պետք է հրաժարվենք ոչ թե բարեկամներ ունենալուց, այլ պետք է հրաժարվենք մեր հույսը միայն մեր բարեկամների վրա դնելուց:
Դժբախտաբար, քաղաքական շահերը, երկակի ստանդարտները, հարաբերական բարոյականությունն ավելի ծանր են կշռում, քան ճշմարտությունն ու արդարությունը։ Եվ շատ հաճախ որոշում են, թե որ ժողովուրդը իրավունք ունի իրավունք ունենալու: Արցախը, այսինքն՝ ամբողջ հայությունը որքան էլ խոցված իրավունք ունի՝ իրավունք ունենալու, որովհետև մեր երկրում ջրերից ավելի արյունն է ոռոգել, և այդ իրավունքն անբեկանելի է։ Արցախը երբեք չի լինելու թշնամական տերությունների կազմում»,- հավելեց սրբազանը, շեշտելով, որ հավատում է համազգային հայկական օրակարգին՝ պարտադրող և ոչ պարտադրվող: Հավատում է, որ հոգևոր Հայաստանը հաղթելու է նոր Հայաստանին, իրական հզոր Հայաստանը հաղթելու է կեղծ ու ֆեյսբուքյան Հայաստանին, տաճարը հաղթելու է փողոցին, ոգին հաղթելու է դուխին, հաշտությունն ու սերը հաղթելու են ատելությանը և թշնամությանը, եռագույնն էլ հաղթելու է սև ու սպիտակին։ Բագրատ սրբազանի խոսքին միացան ներկաները՝ իրենց բարձր ծափահարություններով։