ԱՄՆ-ը ինքնաթիռների միջոցով բջջային հեռախոսներից տվյալներ է հավաքում
ԱՄՆ լրատվամիջոցներում հայտնվել է բջջային հեռախոսների միջոցով քաղաքացիների գաղտնալսման նոր տեխնոլոգիայի մասին տեղեկատվություն։ ԱՄՆ իշխանություններն ամերիկացիների բջջային հեռախոսներից տվյալներ են հավաքում հատուկ սարքավորման օգնությամբ, որը տեղադրված է թեթևշարժիչային ինքնաթիռներում, և որոնք նման են բջջային կապի աշտարակների։
The Wall Street Journal-ի տվյալների համաձայն՝ Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ արդարադատության նախարարության դատական կարգադրիչների ծառայության կողմից 2007 թվականից: Սարքավորումը, թերթի տեղեկություններով, տեղադրված է Cessna ինքնաթիռներում, որոնք թռիչքներ են իրականացնում ԱՄՆ տարբեր մասերում գտնվող հինգ խոշոր օդանավակայաններից: Ինքնաթիռները համալրված են սարքավորումներով, որոնք հեռահաղորդակցության խոշոր կազմակերպությունների բազային կայանների պատրանք են ստեղծում։
Բջջային հեռախոսներն այնպես են ծրագրված, որ դրանք ավտոմատ կերպով միանում են, այսպես կոչված, բազային կայանին։ Այդպիսով, հեռախոսներն ուղղակիորեն միանում են «լրտեսող» սարքավորմանը և իրականացնում տվյալների փոխանակում։ Սարքավորումը, որը ստեղծել է Boeing կորպորացիան, գործում է բջջային աշտարակների սկզբունքով և թույլ է տալիս առանց բջջային օպերատորների միջամտության մեկ թռիչքի ընթացքում տասնյակ հազարավոր բջջային հեռախոսներից հավաքել գրանցման տեղեկությունը՝ ֆիքսելով դրանց սեփականատերերի գտնվելու վայրը մինչև երեք մետր հստակությամբ:
Սարքավորումը թույլ է տալիս նաև հեռակա կարգով արգելափակել հեռախոսից եկող ազդանշանը և պատճենել տվյալները, ներառյալ՝ sms-հաղորդագրություններն ու լուսանկարները: Ակտիվիստները քննադատեցին այս ծրագիրը։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները գտնում են, որ թեև ծրագրի շնորհիվ դատական կարգադրիչները հետևում են անձանց, ովքեր քննության տակ են գտնվում, այդ թվում՝ մարդասպաններին և թմրավաճառներին, սակայն այդ ընթացքում գերատեսչության հսկողության տակ են հայտնվում տեղեկություններ նաև այն անձանց մասին, որոնք ոչ մի բանի համար չեն կասկածվում:
Նյութը` noravanq.am-ի