Փարիզում ես խնդրելու եմ նախագահ Օլանդին … Սերժ Սարգսյանի հարցազրույցը “Ֆիգարո” -ին
Ֆրանսիայի դասը Թուրքիային.
-Հայ-ֆրանսիական հարաբերություններ,
Հայ-ֆրանսիական բարեկամությունը բնութագրելու համար ես հաճախ օգտագործում եմ “առանձնահատուկ” բառը: Ֆրանսիան բացեց իր դռները եւ սիրտը Հայոց Ցեղասպանությունից փրկվածներին ընդունելու համար: Այսօր հիմնականում ցեղասպանության հետեւանքով ձեւավորված մեր համայնքը հանդիսանում է հայ-ֆրանսիական կապերը կամրջող հենասյունը:
Այս տարին հոբելյանական է` մենք նշում ենք Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Մեր երկրների միջեւ հարաբերությունների այս քսան տարիների ընթացքում մենք տպավորիչ ձեռքբերումներ ենք ունեցել: Աշխուժորեն զարգանում են նաեւ մշակութային եւ առեւտրատնտեսական կապերը։
Ֆրանսիան Հայաստանում երկրորդ ներդնողն է, մեզ մոտ գործում են ֆրանսիական կապիտալով 155 ձեռնարկություններ, որոնց թվում են այնպիսի հսկաներ, ինչպիսիք են “Ալկատելը”, “Կրեդիտ Ագրիկոլը”, “Պեռնո Ռիկարը”, “Օրանժը”, “Կարեֆուրը” եւ այլն:
-Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը ճանաչվեց հակասահմանադրական…
Ֆրանսիայի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում չի պարտադրվել մեր կողմից: Ֆրանսիան պետական մակարդակով ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Ցեղասպանության ժխտումը այդ հանցագործության շարունակության ձեւ է: Մենք անկեղծ համարում ենք, որ այն անձնավորությունները, ովքեր փորձում ենք ռեվիզիայի ենթարկել որեւէ ժողովրդի ցեղասպանության պատմությունը, դառնում են այդ ծանր հանցագործության մեղսակից: Ինչպիսի որոշումներ կկայացվեն Ֆրանսիայում այդ օրինագծի մասով` դժվարանում եմ կանխագուշակել: Ես կարող եմ միայն ողջունել Նախագահ Օլանդի հստակ դիրքորոշումն այս հարցում, որը նա արտահայտել է ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ` որպես Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ:
-Հայաստանը պաշտպանու՞մ է Բաշար-ալ-Ասադի ռեժիմը:
Սիրիային եւ նրա ժողովրդին պատուհասած աղետը չի կարող անտարբեր թողնել որեւէ մեկի: Սիրիայում առկա մեծ հայկական գաղթօջախը հայության շրջանում հայտնի է որպես “մայր գաղութ”, քանի որ Սիրիայի տարածքով են հիմնականում այլ երկրներ գաղթել ցեղասպանությունից փրկվածները: Քաղաքացիական պատերազմն իսկապես ծանր փորձություն է ցանկացած երկրի համար:
Սակայն չկան այդպիսի իրավիճակների հաղթահարման ունիվերսալ բանաձեւեր: Դժվար է ասել, թե որքանով կարող է օգնել կամ խանգարել արտաքին միջամտությունը: Ավելին, ուրիշների համար չափված լուծումները Սիրիայում դեպքում կարող են ողբերգական հետեւանքներ ունենալ` հանգեցնելով տարածաշրջանի ժողովրդագրական պատկերի անդառնալի ձեւափոխումների: Հայաստանի Հանրապետությունը հնարավորության պարագայում կանի ամեն հնարավորը Սիրիայում խաղաղության պահպանման եւ հայ համայնքի կենսունակության ապահովման համար:
-Երեւանի եւ Բաքվի արտաքին գերատեսչությունների ղեկավարների Փարիզյան հանդիպումից հետո ԼՂ խնդրի կարգավորման հույսեր կա՞ն:
Փարիզյան հանդիպումը կարեւոր էր այն առումով, որ պայմանավորվեցինք շարունակել խաղաղ կարգավորման բանակցությունները ստեղծված ձեւաչափի շրջանակներում: Այդուհանդերձ այդ հանդիպումը հեռու է նոր հույսեր արթնացնելու առումով:
Ադրբեջանական կողմը հրաժարվում է միջազգային միջնորդների կողմից առաջարկված սկզբունքները հիմք ընդունել կարգավորման:
Նրանք համարում են, որ առանց հիմնական սկզբունքները համաձայնեցնելու հնարավոր է քննարկել բուն պայմանագիրը: Բայց պայմանագիրը կարող է կենսունակ լինել միայն եթե հենվում է հստակ եւ բոլորի համար հասկանալի սկզբունքների վրա: Չնայած Բաքվի գործողություններին, որը հերոսացնում է սարսափելի հանցագործություն կատարած մարդասպանին, ով կացնահարել էր քնած հայ սպայի, Հայաստանը շարունակելու է անել ամեն հնարավորը խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար:
-Ֆրանսուա Օլանդի օրոք ֆրանս-թուրքական մերձեցումն անհանգստացնո՞ւմ է ձեզ:
Ոչ իհարկե, մեր քաղաքականության հիմքում դրված չէ Թուրքիային վնասելու ցանկությունը: Մեր քաղաքականության հիմքում դրված են հստակ սկզբունքներ: Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան որքան հնարավոր է շատ շփվի Ֆրանսիայի եւ այլ եվրոպական երկրների հետ, որպեսզի այդ շփումների միջոցով յուրացնի եվրոպական արժեքները:
Ֆրանսիայի Նախագահները իրենց մեջ ուժ են գտել պատմության հետ առերեսվելու: Ես միայն կարող եմ ծափահարել իրենց համարձակությանը: Փարիզում ես խնդրելու եմ Նախագահ Օլանդին, որպեսզի նա Թուրքիայի ղեկավարությանը պատմի, թե ինչպես է ինքն անձամբ դատապարտել հրեաների արտաքսումը Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներ: Դա կարող է դաս հանդիսանալ Թուրքիայի ղեկավարների համար: