24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պատերազմի ու պարտության դեմքը շարունակում է զավթել պետական համակարգը. կուսակցականացման տեռոր. Փաստ

2018 թվականին Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ արատավոր երևույթներն արմատախիլ անելու խոստումների ալիքի վրա, ինչին նրան ճանաչողները բացարձակ չէին հավատում, սակայն հավատացողներն անհամեմատ շատ էին: Հիմա այնպիսի պատկեր ունենք, որ անցյալը կարող է շատ դեպքերում ուղղակի գունավոր երազ թվալ։ Պատերազմի ու փաշինյանական պարտության, բազմաթիվ կորուստներից զատ, դժգույն իրավիճակը հատկապես տեսանելի է պետական կառավարման համակարգում, որտեղ կուսակցականացման արշավը շարունակվում է։ Մի խոսքով՝ ՔՊ-ն շարունակում է ներքին զավթման գործընթացը:

Բազմաթիվ են դեպքերը, երբ պետական համակարգի աշխատողները, որոնք չեն կիսում իշխող ուժի՝ ՔՊ-ի քաղաքական ուղեգիծը, թիրախավորվում են կամ ազատվում աշխատանքից։ Եվ, անկախ մասնագիտական որակներից ու կրթությունից, ՔՊ-ական լինելը, առավել ևս 2018 թվականին «քայլած» լինելը նշանակում է մրցակցային առավելություն։ Եվ այդպիսի մարդկանց առաջ բացվում են բարձր պաշտոններ զբաղեցնելու դռները։ Իսկ օրինակները բոլորիս աչքի առաջ են, թե ինչպես կարող են այնպիսի անձնավորություններ, որոնց հիմնական գործը նախկինում եղել է պարտքով տարբեր բարեր ու զվարճանքի այլ վայրեր հաճախելը, հիմա հայտնվել են պետական կառավարման առանցքային օղակներում։

Ու այսքանից հետո էլ զարմանում ենք, թե ինչու է պետական համակարգը այսքան խցանված վիճակում հայտնվել, որ հազիվ է արձագանքում արտաքին ազդակներին ու եղած խնդիրներին։ Բայց այս ամենը չէր բավարարում իշխանությունների՝ օրեցօր աճող ախորժակը, և նրանք անցան նաև հանրային կյանքի մի շարք կարևորագույն այլ օղակները ամբողջովին զավթելու գործելակերպին։ Եվ այս առումով Փաշինյանի նշանառության տակ առաջին հերթին հայտնվեց դատական համակարգը՝ մասնավորապես Սահմանադրական դատարանը։ Իշխանությունները կիրառեցին իրենց ձեռքի տակ եղած բոլոր լծակները ՍԴ-ում ամբողջովին իրենց մարդկանց ներդնելու ու ՍԴ-ն խամաճիկ կառույցի վերածելու ուղղությամբ, ու ինչ-որ չափով այն հաջողեցին, որովհետև կարողացան հեռացնել մի շարք դատավորների և նոր ՍԴ նախագահ նշանակել։

Եթե 2018 թվականի շարժման ընթացքում Փաշինյանը իրեն որպես բուհերի ապակուսակցականացման առաջամարտիկ էր հայտարարել, ապա իշխանության գալուց հետո բուհերի կուսակցականացումը աննախադեպ ծավալներ ստացավ։ Նախ՝ վերացվեց ակադեմիական ինքնուրույնությունը, ճնշվեց ազատ խոսքը, իշխանությունների քաղաքականությանը հավանություն չտվող դասախոսները թիրախավորվեցին կամ ազատվեցին աշխատանքից, իսկ կարկառուն քպականները և քպամերձ մարդիկ դարձան ռեկտորներ և տեղավորվեցին ամենաբարձր ակադեմիական էշելոններում։ Միաժամանակ, իշխանության ներկայացուցիչները շարունակեցին կարևոր տեղ զբաղեցնել բուհերի հոգաբարձուների խորհրդում։

Թերևս ԵՊՀ-ում տեղի ունեցած իրադարձություններն այս իրողության ամենացայտուն դրսևորումն են, երբ հայտնի քպական գործիչը, որը 2018 թվականից ի վեր կրծքով պաշտպանում էր իշխանություններին, դարձավ ԵՊՀ ռեկտոր, իսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Հասկանալի է, որ իշխանությունների հավակնություններն ու անհագուրդ ախորժակը չեն վերջանում։ Նրանց աչքը հիմա էլ որոշ չափով անկախ մնացած մարմինները կուլ տալու վրա է։ Նույնիսկ ընտրովի ՏԻՄ մարմինները ծայրահեղ խայտառակություններով ու ապօրինություններով զավթելուց զատ, իշխող ուժի ներկայացուցիչները առաջնահերթ նախաձեռնեցին ԿԸՀ-ի «հպատակեցումը» և խորհրդարանում իշխանական նախագծերը առաջ մղող Վահագն Հովակիմյանին դարձրեցին ԿԸՀ նախագահ։ Դժվար է անգամ մղձավանջային երազում պատկերացնել որևէ երկրում կուսակցականին առաջադրումն ու «նշանակումը» ԿԸՀ նախագահի պաշտոնում:

ԿԸՀ-ի կուսակցականացման պարագայում կարելի է արդեն պատկերացնել, թե ինչ մակարդակի ընտրություններ ենք ունենալու այսուհետ, երբ ընդհանրապես անաչառությունը վերացվելու է այն աստիճանի, որ նույնիսկ երանի ենք տալու «նախկինների» ժամանակվա ընտրություններին։ Իսկ մյուս առանցքային անկախ մարմինը, որը հայտնվել է իշխանությունների նշանառության տակ, ԲԴԽ-ն է, որի նախագահի պաշտոնում նշանակվեց օրերս արդարադատության նախարարի պաշտոնից ազատված, բոլոր առումներով ու բոլոր ժամանակներում իր ծայրահեղ սուբյեկտիվիզմով հայտնի Կարեն Անդրեասյանը։ Դարձյալ՝ կուսակցական: Ու կարելի է այս նշանակումից հետո պատկերացնել, թե դատական համակարգն ինչպիսի մեծ կախվածության մեջ է ընկնելու իշխանություններից, ու ինչպես են խեղաթյուրվելու դատական որոշումները։

Ինչքան էլ ԿԸՀ-ի, ԲԴԽ-ի և մյուս անկախ մարմինների ղեկին հայտնված մարդիկ փորձեն ցույց տալ, թե իբր իշխանություններից անկախ են ու դադարեցնեն իրենց անդամակցությունը իշխանական կուսակցությանը, միևնույնն է, հասկանալի է, որ իրենց էությամբ մնում են թունդ նիկոլական և քպական, այսինքն՝ նրանց գոնե մեկ տոկոս օբյեկտիվության մասին խոսելը պարզապես անհեթեթություն է։ Այս գործընթացը հստակ ցույց է տալիս, որ Հայաստանում պարզապես իրական ժողովրդավարություն չկա։ Իշխանություններն ուղղակի թքած ունեն ժողովրդավարության և կառույցների անկախության վրա, դրա համար էլ այնպիսի քայլերի են գնում, որոնք բնորոշ են տոտալիտար վարչակարգերին։

Փաշինյանին միայն պետք է, որ իր ճոճվող աթոռին ամեն գնով կառչած մնալու համար պետության ներսում բոլոր կարևոր նշանակություն ունեցող կառույցներն իր գրպանում լինեն, իսկ այդ ճանապարհին իշխանություններն ամեն ինչի ընդունակ են։ Ուստի իրադարձությունների զարգացմանը զուգահեռ նրանք ավելի մեծ ուժով են սեղմում պետության կոկորդը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ