Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոն. հնչեցին Էդգար Հովհաննիսյանի դաշնամուրային գործերը
Հունվարի 30-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ Հայ կոմպոզիտորական արվեստի 6-րդ փառատոնի՝ Էդգար Հովհաննիսյան ֆեստի հերթական համերգը։
Փառատոնը կյանքի են կոչել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Այն այս տարի նվիրված է հայ անվանի կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի ծննդյան 85-ամյակին։ Փառատոնը միտված է հայ կոմպոզիտորական դպրոցի նվաճումների հանրահռչակմանը:
Համերգային երեկոյի ընթացքում հնչեցին Էդգար Հովհաննիսյանի դաշնամուրային ստեղծագործությունները։ Հանդես եկան Անահիտ Դիլբարյանը, Վարդան Գյոդակյանը, Արմեն Բաբախանյանը, Ռոման Նամալյանը։ Հեղինակը, հրաշալի տիրապետելով դաշնամուրին, վարպետորեն կիրառել է գործիքի տեխնիկական և ակուստիկ հնարավորությունները։
Դաշնակահար Արմեն Բաբախանյանը կարևորեց և պարտադիր համարեց Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի անցկացումը։ «Մենք հռչակավոր, ֆանտաստիկ կոմպոզիտորներ ունենք, ում արվեստը որոշ դեպքերում մոռացվել է։ Ուստի ողջունում եմ նման փառատոն անցկացնելու գաղափարը, որը հնարավորություն է տալիս ունկնդրին, մանավանդ երիտասարդությանը լսելու մեր մեծերի ստեղծագործությունները։ Էդգար Հովհաննիսյանի դաշնամուրային ստեղծագործությունները հատուկ տեղ են գրավում ոչ միայն հայկական, այլև համաշխարհային դասական երաժշտության մեջ։ Նա միանշանակ համաշխարհային տաղանդ ու մեծություն է»,- նշեց Արմեն Բաբախանյանը։