ՊԵԿ նախագահի տեղակալը և Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի և Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամինի միջև։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հարավային մաքսատուն-վարչության պետ Արտաշես Ղամբարյանը և Իրանի Ատրպատականի շրջանի մաքսային մարմնի ղեկավարը։
Հանդիպման ընթացքում կարևորվել են երկու երկրների մաքսային մարմինների միջև ապրանքների և տրանսպորտային միջոցների միջազգային փոխադրումների վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակմանն ուղղված քայլերը։ Քննարկվել են նաև բեռնափոխադրումների արագ սպասարկումը խթանելու նպատակով մաքսային ընթացակարգերի դյուրացման մեխանիզմները:
Հայկական կողմը վստահեցրել է, որ Հայաստանի և Իրանի միջև գործակցության զարգացմանն ուղղված բոլոր հարցերը գտնվում են ոչ միայն Պետական եկամուտների կոմիտեի, այլև ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում:
Կողմերը բարձր են գնահատել վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջև սերտ համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները՝ պատրաստակամություն հայտնելով գործադրել բոլոր ջանքերը՝ հետագա փոխգործակցության զարգացման և ամրապնդման ուղղությամբ: