Քոչարյանից բացի, կարեւոր թեմա կա. Առավոտ
“Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է.
“Երեկ նորից հարցազրույց է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա ասել է հիմնականում ճիշտ բաներ, եթե, իհարկե, վերանանք այն հանգամանքից, թե ո՛վ է այդ ճիշտ բաներն ասողը: Մոտակա 2-3 շաբաթում այդ հարցազրույցը քննարկվելու է երկրորդ նախագահի համակիրների եւ “չուզողների” կողմից, իսկ քաղաքագետները գուշակություններ են անելու Քոչարյանի հետագա ծրագրերի վերաբերյալ:
Բայց կարծում եմ’ այսօր կա շատ ավելի կարեւոր թեմա, այն, ինչ կատարվում է մեր սահմաններին:
Եկեք անկեղծ լինենք ինքներս մեզ հետ՝ հակառակորդի սադրանքները ոչ միայն չեն դադարելու, այլեւ ավելի հաճախակի ու լայնածավալ են դառնալու:
Ես որոշակի ենթադրություններ ունեմ, թե ով է “բզբզում” այդ իրավիճակը եւ չեմ կարող կապ չտեսնել Գյումրիում մարդկանց արդարացի ընդվզման եւ ադրբեջանցիների ակտիվացման միջեւ: Հնարավոր չէ չտեսնել նաեւ, որ պատերազմական մեր օջախը կապված է Ուկրաինայում եւ Միջին Արեւելքում ընթացող պատերազմների հետ: Եվ այդ առումով շատ կարեւոր է, թե ինչպես է աշխարհն արձագանքելու հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերին: Բայց դա նույնպես առանձին վերլուծության թեմա է:
Այստեղ ասածս այն է, որ վիճակը լուրջ է, եւ մեր իշխանությունը, ոչ իշխանությունը, նախկին եւ ներկա նախագահները, ընդդիմությունը եւ հասարակությունը, առանց խուճապի մատնվելու, առանց մարդկանց մեջ հավելյալ անվստահություն սերմանելու պետք է դրսեւորեն այդ իրավիճակին ադեկվատ վերաբերմունք: Ըստ երեւույթին, վերոհիշյալ ինստիտուտները, պահպանելով բնական հակասությունները, պետբ է նաեւ միասին մտածեն, թե ինչպես բարձրացնել մեր պաշտպանունակությունը”:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: