Կառավարությունը 3 մլրդ 107 մլն դրամի պայմանագիր կկնքի «Տոյոտա Երևան»-ի հետ. պարեկների համար մեքենա են գնում
Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի և Կոտայքի մարզերում կստեղծվեն ոստիկանության պարեկային ծառայություններ:
Չորս մարզերում պարեկային ծառայություն հիմնելու համար ոստիկանությունը նախատեսում է ձեռք բերել «Toyota Fortuner» մակնիշի 175 ավտոմեքենա՝ շուրջ 3 միլիարդ 107 միլիոն 500 հազար դրամ արժեքով։
Ավտոմեքենաները ձեռք են բերվելու «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից:
Դեռևս մայիսի 23-ին հայտարարված ավտոմեքենաների գնման մրցույթը չէր կայացել, քանի որ մասնակիցներ չէին եղել, որից հետո ոստիկանությունը դիմել է հանրահայտ ավտոապրանքանիշերի հայաստանյան 5 պաշտոնական ներկայացուցիչների և միայն «Տոյոտա Երևան»-ն է, որ պատրաստ է եղել նշված բնութագրով ու նշված ժամկետներում մեքենաներ մատակարարել։ Նախատեսվում է, որ դրանք պիտի մատակարարվեն մինչև նոյեմբերի 15-ը։
Բանակցությունների արդյունքում ձեռք բերված փոխհամաձայնությամբ նախատեսվում է մատակարարել «Toyota Fortuner» մակնիշի 45 միավոր մեխանիկական և 130 միավոր ավտոմատ տուփով ավտոտրանսպորտային միջոց, համապատասխանաբար, 15 միլիոն 900 հազար դրամով ու 18 միլիոն 400 հազար դրամ գնման գներով», – կառավարության նիստում նախագիծը ներկայացրեց ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը: