՛՛ԱԳ նախարարը կորած է՛՛
՛՛Դուք մի բեռ եք ստանձնել, որ ձեր գործը չէ, այս հարցերը առնչվում են ԱԱԾ պետին ու ԱԳՆ-ին, դուք վերցնում եք ձեր վրա մի բան, որ դուք չպիտի անեք՛՛,-այսօր Ազգային ժողովում Գյումրիի ողբերգության իրավական հիմքերի վերաբերյալ լսումների ժամանակ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Նա նշեց, որ Կոստանյանը չպիտի դիմի նաև ՌԴ գլխավոր դատախազին: ՛՛Շատ լավ ա, որ եկել եք, բայց մի վերցրեք ձեր վրա մի բան, որ ուրիշը չի անում, կորած է մեր ԱԳ նախարարը, ԱԱԾ-ն պետք է զբաղվի՛՛,-նշեց Արզումանյանը:
Նա նաև ասաց, որ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը երրորդ հանցագործությունն է կատարել, երբ փորձել է հատել հայ-թուրքական սահմանը: Նա նշեց, որ 1992 թվականի պայմանագրով սահմանը հատելու փորձ անողը պիտի հանձնվի հայ իրավապահ մարմիններին: ՛՛Չի եղել մի դեպք, որ սահմանահատին հանձնեն որևէ երկրի դեսպանատուն, խախտվել է միջպետական պայմանագիրը, ու ռուս սահմանապահներն էլ պետք է տեղեկացնեին, որ փորձել է հատել սահմանը: Այստեղ քրեական գործի հարցեր կան, խնդրում ենք, որ քրեական գործ հարուցվի՛՛,-շեշտեց պատգամավորը:
Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ բոլոր մարմիններն էլ իրենց լիազորություններն անում են: ՛՛Մենք իրականացնում ենք մեր բոլոր գործառույթները, ես չեմ ուզում լիազորությունների բացահայտման մասին խոսեմ, լիազորություններն իրականացնում ենք ամեն մեկս մերը, բայց պատասխան ենք տալիս իրար հետ միասին՛՛,-նշեց նա: Ինչ վերաբերում է այս հարցը քաղաքականացնելուն, ապա նա ասաց, որ նման կարիք ու անհրաժեշտություն չկա: ՛՛Ես համարում եմ, որ սա քաղաքական հարց չէ, հետևանքը կարող է լինել քաղաքական, բայց փաստը իրավական է՛՛: