Կամ օլիգարխն օլիգարխ չէ…
”Շատ անհաջող տարի էր ընդդիմության համար, եղավ եռյակ, եղավ հանրահավաք ու վերջացավ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՛՛Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՛՛ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպիսին էր 2014-ը ընդդիմության համար: ՛՛Այսինքն՝ դա զարգացող պրոցես չեղավ, դրա տակ լուրջ հիմքեր կան, հասարակությունը չվստահեց, չհավատաց ու չտեսավ, չնայած կարոտ էր նոր խոսքի, նոր մոտեցումների մինչև եռյակի գործունեության սկիզբը, բայց ընթացքում ամեն ինչ պարզ դարձավ ու հասարակությունը չվստահեց՛՛,-նշեց Գիմիշյանը:
Ըստ նրա՝ սա էր եռյակի գործունեության բացասական արդյունքն, իսկ դրականն այն է, որ ժողովուրդն ակտիվացավ: ՛՛Ցանկացած պայքար ակտիվացնում է ժողովրդին, դիմադրողականությունն է մեծացնում, այդ իմաստով դրական էր, բայց կարծում եմ նաև, որ որոշակի հիասթափություն եղավ, անվստահության մթնոլորտ ձևավորվեց, և չեմ կարծում, որ ժողովուրդը եռյակի հեևից կգնա՛՛:
Հարցին, թե ինչու է հայաստանյան ընդդիմությունն այսքան պառակտված, ոչ միասնական, Սոս Գիմիշյանը պատասխանեց. ՛՛Որովհետև սկզբունքային չէ, բարոյական չէ, չի լինում այդպես. օլիգարխը չի լինում ընդդիմություն, ընդդիմությունն էլ չի կարող լինել օլիգարխի հետ, կամ ընդդիմությունն ընդդիմություն չէ, կամ օլիգարխն օլիգարխ չէ: Առաջանում են կասկածներ, ու պարզ է դառնում, որ իշխանության համար է արվում ամեն ինչ՛՛: Նա շեշտեց, որ այս պահին երկրի առջև լուրջ մարտահրավերներ կան, բայց չգիտի, թե եռյակն իշխանության գալու դեպքում ինչպես է լուծելու այդ խնդիրները: ՛՛12 կետը եթե լուծված լինեին, մեր ժողովրդի վիճակն էլի թեթև չէր լինի՛՛,-նկատեց Գիմիշյանը: