Երկիրը կործանելու բացառիկ «գրոսմայստերը». «Փաստ»
«Միջազգային պրակտիկայում չորս տարին բավարար ժամանակահատված է պետության համար զարգացման ուղի հարթելու տեսանկյունից։ Եվ բազմաթիվ են այն դեպքերը, երբ այդ ժամանակահատվածի ընթացքում էական դրական փոփոխություններ և տեղաշարժեր են տեղի ունենում։ Բայց մեզ մոտ ճիշտ հակառակն է: Նիկոլ Փաշինյանն արդեն չորս տարի իշխանության ղեկին է, և այս տարիների ընթացքում նա հաջողել է միայն մեկ հարցում՝ երկիրը կործանելու: Սկզբնական շրջանում Փաշինյանը, որպես կանոն, պարբերաբար ասուլիսներով էր հանդես գալիս և 100 փաստ էր ներկայացնում իր պաշտոնավարման արդյունքների մասին, սակայն որոշ ժամանակ անց՝ հատկապես պատերազմից հետո, 100 փաստերն էլ, ամփոփիչ ասուլիսներն էլ պատմության գիրկն անցան։
Չնայած, դա հասկանալի է. ի՞նչ կարող է Փաշինյանը ներկայացնել, երբ իր իշխանության ընթացքում ընդհանրապես մարել են զարգացման վերջին նշույլները, և միայն հետընթացն ու լճացումն է տեսանելի։ Հայաստանի համար այդքան կարևոր նշանակություն ունեցող անվտանգության համակարգը, որը ստեղծվել էր տարիների համառ աշխատանքի ու ջանքերի արդյունքում, ամբողջովին փլուզված է։ Եվ նույնիսկ այն փշրանքները, որոնք ինչ-որ կերպ մնացել են անվտանգության համակարգից, ոչ թե հավաքվում ու վերականգնվում են, այլ Փաշինյանի ու նրա թիմակիցների ձեռքով հետևողականորեն վերջնականապես քայքայվում և անէանում են։ Մի խոսքով՝ մի քանի հատորով կարող է ներկայացնել 100-ավոր փաստեր ձախողումների մասին: Սրան զուգահեռ, թշնամական երկրի ղեկավարը սանձարձակության այնպիսի աստիճանի է հասել, որ արդեն հայտարարում է, թե արգելելու է Հայաստանին բանակ ունենալ կամ ներդրումներ կատարել անվտանգության ոլորտում։ Սա բառացի նշանակում է Հայաստանին զրկել իր ինքնիշխանության առանցքային բաղադրատարրից, իսկ մեր իշխանությունների կողմից որևէ արձագանք չկա, այսինքն՝ ինչպես Հայաստանին թելադրի հակառակորդը, այնպես էլ պետք է լինի։
Փաշինյանի կառավարման տարիները նաև նշանավորվեցին նրանով, որ մսխվեցին Արցախյան ազատամարտի հաղթանակները, պետության ինքնիշխանությունը հասցվեց զրոյական մակարդակի, կորցրեցինք հսկայական տարածքներ, ունեցանք հազարավոր զոհեր, վիրավորներ ու հայրենազրկված մարդիկ։ Միևնույն ժամանակ, Փաշինյանի կառավարման արդյունքում Հայաստանի տնտեսությունը ոչ միայն չզարգացավ, այլև ուղղակի աղետալի վիճակում է հայտնվել։ Ահավոր գնաճի պարագայում սրվում է սոցիալտնտեսական վիճակը, երբ մարդկանց աշխատավարձերի ու թոշակների նույնիսկ չնչին բարձրացում չկա։ Ուընդհանրապես, չորս տարվա ընթացքում որևէ քայլ չի կատարվել տնտեսությունը արտադրական ռելսերի վրա դնելու ուղղությամբ, այն գոյատևել է ընդամենը հանքարդյունաբերության ու տրանսֆերտների հաշվին։ Ժողովրդագրական տեսանկյունից ևս Հայաստանի վիճակը, մեղմ ասած, ծանր է, բնակչության թիվը տարիներ շարունակ անընդհատ նվազում է։
Հասարակությունը շարունակում է մնալ պառակտված ու երկփեղկված։ Մարդկանց շրջանում հուսահատություն և հիասթափություն է տիրում, և շատերը նախընտրում են վերցնել արտագաղթի ցուպն ու հեռանալ։ Իսկ պետական կառավարման համակարգը բարենորոգվելու փոխարեն չորս տարվա ընթացքում վերածվել է ամորֆ կառույցի, երբ ցանկացած ոք, առանց որևէ սահմանափակումների՝ նույնիսկ փողոցից, կարող է հայտնվել ամենապատասխանատու պաշտոններից մեկում, կարևորը հլու-հնազանդ լինի մեկ անձի, իսկ պետության ու պետականության վրա՝ թքած: Վերջապես Փաշինյանի կառավարման ընթացքում ամենացածր մակարդակի է իջեցվել ազգային արժեքների ու կրթության դերակատարությունը: Դրան մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք:
Մի խոսքով, եթե հետահայաց նայում ենք, ապա նույնիսկ զարմանալի է թվում, թե ինչպես է Փաշինյանը հասցրել բոլոր ուղղություններով քանդել և ապամոնտաժել մեր ունեցածը։ Ու եթե Փաշինյանի պաշտոնավարման շրջանը կարճ բնութագրենք, ապա դա այն մասին է, թե ինչպես «վարպետությամբ» չորս տարում կործանել երկիրը։ Վերջինիս պաշտոնավարման շարունակության դեպքում կարելի է պատկերացնել, թե Հայաստանից ինչ կմնա կարճ ժամանակ անց՝ միայն ավերակներ»: